Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՃԳՆԱԺԱՄԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի առաջնությունում այսօր կկայանա 13-րդ տուրի հանդիպումները:

«Փյունիկ» - «Կիլիկիա»

Վարդան Մինասյանի գլխավորությամբ «Փյունիկը» կանցկացնի իր առաջին հանդիպումը ընթացիկ առաջնությունում: Իհարկե, Վարդան Մինասյանը նոր մարդ չէ այս ակումբում, բայց ամեն դեպքում սա նորամուտ է : Այս պաշտոնում Մինասյանը փոխարինեց Արմեն Գյուլբուդաղյանցին, որի գլխավորությամբ չեմպիոնը վերջին 3 հանդիպումներում ընդամենը 1 միավոր էր վաստակել եւ նույնքան գնդակ ուղարկել մրցակիցների դարպասը: Ընթացիկ առաջնությունում արդեն եղել է նման դեպք, երբ «Փյունիկը», լինելով խաղային ճգնաժամի մեջ, «Կիլիկիային» հաղթելով վստահություն է ձեռք բերել, որից հետո սկսել է միավորներ վաստակել: Այդպես եղավ առաջին շրջանում, երբ Արմեն Գյուլբուդաղյանցի սաները 3:0 հաշվով հաղթեցին «Կիլիկիային», որից հետո առավելության հասան նաեւ հաջորդ երկու հանդիպումներում: Սակայն առաջին շրջանի այդ հանդիպումից հետո մոտ 45 օր է անցել եւ այս ընթացքում «Կիլիկիայում» շատ բան է փոխվել: Թիմը արդեն միավորներ ունի իր ակտիվում, ցանկացած մրցակցի հետ խաղում լուրջ դիմադրություն է ցույց տալիս:

«Արարատ» - «Գանձասար»

Այս հանդիպումը կարելի է տուրի կենտրոնական մրցավեճ անվանել: Առաջատարը հանդիպելու է «Գանձասարի» հետ, որը նախորդ երկու հանդիպումներում չորս միավոր է վաստակել չեմպիոնի եւ փոխչեմպիոնի հետ հանդիպումներում: Եթե «Բանանցի» հետ խաղում «Գանձասարի» վաստակած միավորը ավելի շուտ պատահականություն էր, ապա «Փյունիկի» նկատմամբ տարած հաղթանակը միանգամայն օրինաչափ էր, եւ կապանցիները նույնիսկ ավելի խոշոր հաշվով կարող էին հաղթել: «Արարատը» վերջին հանդիպումներում արդյունավետությամբ չի փայլում, սակայն կարողանում է միավորներ վաստակել եւ պահպանել առաջին հորիզոնականը:

«Ուլիս» - «Միկա»

Ինտերտոտոյի գավաթի խաղարկությունից դուրս մնալուց հետո «Միկան» կկենտրոնանա առաջնության ելույթների վրա, որտեղ թիմի գործերը վատ չեն ընթանում: Կորցրած միավորների քանակը Արկադի Անդրեասյանը սաները ընդամենը երկու միավորով են զիջում առաջատարին եւ զգալիորեն առաջ են անցել երրորդ - չորրորդ տեղերում գտնվող թիմերից: «Ուլիսը» ութերորդ տուրի հետաձգված խաղում հաղթելով «Փյունիկին», առաջին հերթին հոգեբանորեն է պատրաստ այս խաղին: Թիմը վերջապես սկսել է միավորներ վաստակել նաեւ առաջատարների հետ հանդիպումներում, ինչպես որ դա անում էր նախորդ առաջնության վերջնամասում:

«Բանանց» - «Շիրակ»

Այս թիմերի միջեւ Գյումրիում կայացած առաջին շրջանի հանդիպումը ավարտվեց մեծ սկանդալով, որի համար «Շիրակը» թանկ վճարեց: Գյումրեցիների համար սա կրկնակի կարեւոր հանդիպում կլինի, որում նրանք ապացուցելու շատ բան ունեն: «Շիրակը» այլեւս նահանջելու տեղ չունի եւ գտնվելով նախավերջին յոթերորդ հորիզոնականում` պետք է փորձի վերջապես հաղթանակ տոնել, առավել եւս, որ թիմը վաղուց մեկ խաղում երեք միավոր չի վաստակել: Իր հերթին «Բանանցը» վերջին երկու հանդիպումներում բավարարվել է ընդամենը երկու միավորով: Չորս միավոր կորուստով հանդերձ` փոխչեմպիոնը մտավ լավագույն եռյակ եւ այս խաղում հաղթելու դեպքում հնարավորություն կստանա ամրապնդվել այնտեղ: