Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԹՈՒՅԼ ՄՐՑԱԿԻՑՆԵՐ ՉԿԱՆ

Սպորտ

Հայկական ակումբները այսօր իմացան իրենց մրցակիցների անունները եվրագավաթների խաղարկություններում: Երեւանի «Փյունիկը» Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում մրցելու է կիպրոսական «Անորտոսիսի» հետ: «Փյունիկի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի կարծիքով վիճակահանությունը այնքան էլ բարեհաջող չէր Հայաստանի չեմպիոնի համար. «Մեր հնարավոր մրցակիցների շարքում կային ավելի թույլ մրցակիցներ, բայց վիճակահանությունը արդեն կայացած է եւ պետք է պատրաստվենք «Անորտոտսիսի» հետ հանդիպմանը: Թիմի մասին տեղեկություն մեզ առաջինը տրամադրեց Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Ռոմիկ Խաչատրյանը, որը վերջին տարիներին հանդես գալով կիպրոսական թիմերում` լավ ծանոթ է այդ թիմին: Ռոմիկը նշեց, որ շատ ուժեղ մրցակից է մեզ բաժին հասել: Առավել եւս, որ այս տարի «Փյունիկը» հանդես է գալիս երիտասարդ կազմով: Դեռ կուսումնասիրենք մրցակցին, ձեռք կբերենք նրա մասնակցությամբ տեսագրություններ»:

«Անորտոսիսի» հետ առաջին հանդիպումը հայկական թիմը անցկացնելու է հյուրընկալվելիս, ինչը մարզչի կարծիքով այնքան էլ մեծ դեր չի խաղում. «Այո, առաջինը հյուրընկալվող թիմը մի փոքր առավելություն ստանում է, սակայն չեմ կարծում թե դա վճռորոշ կարող է լինել, քանի որ այս դիմակայությունը բաղկացած է 2 հանդիպումներից եւ հաջողության է հասնում ուժեղը»:

Որակավորման առաջին փուլը հաղթահարելու դեպքում «Փյունիկի» մրցակիցը կլինի Վիեննայի «Ռապիդը», որը ըստ Վարդան Մինասյանի ավելի ուժեղ ակումբ է. «Բնականաբար որակավորման 2-րդ փուլում թույլ մրցակիցներ չկան: Այստեղ արդեն վարկանիշով բարձր թիմեր են ընդգրկված, որոնք ավելի ուժեղ են քան որակավորման 1-ին փուլում հանդես եկող ակումբները: Բացառություն չէ նաեւ «Ռապդիը», բայց եթե համեմատենք նախորդ տարվա վիճակահանության հետ, երբ մեզ բաժին հասավ Դոնեցկի «Շախտյորը», ապա այս անգամ «Փյունիկին» ավելի թույլ թիմ է բաժին հասել»:

ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկությունում Հայաստանի գավաթակիր «Արարատը» կմրցի Շվեյցարիայի գավաթակիր «Բելինզոնայի» հետ: Մրցակիցը «Արարատի» գլխավոր մարզչի համար հանելուկ է. «Տեղեկություններ կոնկրետ չունենք այս թիմի մասին, քանի որ վիճակահանությունից դեռ շատ քիչ ժամանակ է անցել: Գիտենք, որ տիրացել են գավաթին եւ դա արդեն իսկ խոսում է այն մասին, որ մեր մրցակիցը ուժեղ թիմ է»:

Մինչ հուլիսի 17-ը կայանալիք հանդիպումը «Արարատը» կհամալրվի նոր ֆուտբոլիստներով. «Ինչպես տեղյակ եք` մեր թիմում փորձաշրջան էին անցնում 2 բրազիլացիներ, որոնք հետ ակումբը պատրաստվում է պայմանագիր կնքել: Այսօր առավոտյան Երեւան են ժամանել նաեւ 3 արգենտինացիներ, որոնց կարողություններին լիարժեք կծանոթանանք առաջիկա օրերին»: Ամենաբարդը մրցակիցը բաժին է հասել Հայաստանի փոխչեմպիոն «Բանանցին», որը եւս հանդես է գալու ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկությունում: Նեդելչո Մատուշեւի սաները կմրցեն Ավստրիայի փոխչեմպիոն «Զալցբուրգի» հետ:

«Բանանցի» գլխավոր մարզչի օգնական Աշոտ Բարսեղյանը եւս կիսում է այն կարծիքը, որ մրցակիցը բավական ուժեղ է .«Ամեն դեպքում այս մրցաշարում միջակ թիմեր չկան: Բոլոր են զորեղ թիմերն են: Պետք է աշխատենք պատվով դուրս գալ այս փորձությունից»: