ԲԱՐԵՀԱՋՈՂ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆ «ԱՐԱՐԱՏԻ» ՀԱՄԱՐ
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր շվեյցարական Նիոն քաղաքում տեղի ունեցավ նաեւ ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկության որակավորման առաջին փուլի վիճակահանությունը, եւ հայտնի դարձան Երեւանի «Բանանցի» եւ «Արարատի» մրցակիցները:
Վիճակահանությունը բարեհաջող կարելի է համարել «Արարատի» համար, որի մրցակիցը կլինի շվեյցարական «Բելինզոնա» թիմը: Շվեյցարիայի իտալախոս Բելիզոնա քաղաքի այս թիմը նախորդ մրցաշրջանում հանդես էր գալիս Շվեյցարիայի առաջին դվիզիոնում, սակայն նվաճելով Շվեյցարիայի գավաթը` իրավունք ստացավ մասնակցել ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկությանը: Շվեյցարիայի բարձրագույն խմբի առաջնությանը «Բելինզոնան» կմասնակցի միայն շուտով մեկնարկելիք 2008-09թթ. խաղարկությունից: Վերջերս ակումբը գլխավորել է Մարկո Շալիբաումը, որը հայտնի է նախկինում «Յանգ Բոյզ» թիմը գլխավորելով:
Նրա գլխավորությամբ «Յանգ Բոյզում» են հանդես եկել նաեւ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Հարություն Վարդանյանը եւ Արթուր Պետրոսյանը: «Բելիզոնայում» հիմնականում հանդես են գալիս իտալացիներ եւ շվեյցարացիներ, կան նաեւ լեգեոներներ Նիգերիայի, Բրազիլիայից, Բոսնիայից եւ Սերբիայից:
«Արարատը» շվեյցարական թիմի հետ առաջին հանդիպումը կանցկացնի հուլիսի 17-ին Երեւանի «Միկա» մարզադաշտում: Պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 31-ին Բելինզոնայի քաղաքային մարզադաշտում, որը ունի 2000 նստատեղ: «Բանանցի» մրցակիցը ավստրիական «Զալցբուրգն» է, որը անհամեմատ հեղինակավոր մրցակից է, լավագույններից մեկը Ավստրիայում: Ավստրիայի 2007-08թթ. առաջնությունում այս ակումբը գրավել է 2-րդ հորիզոնականը:
Թիմը մարզում է հոլանդացի հայտնի մասնագետ Կո Ադրիանսեն, որի գլխավորությամբ ժամանակին հանդես են եկել «Պորտուն», «Այաքսը», Դոնեցկի «Մետալուրգը» եւ այլ ճանաչված թիմեր: Ավստրիայի եռակի չեմպիոն «Զալցբուրգի» կազմում գերակշռում են լեգեոներները: Առաջին հանդիպումը «Զալցբուրգի» հետ «Բանանցը» կանցկացնի հուլիսի 17-ին Զալցբուրգի «Վալս Զիցենհայմ» մարզադաշտում, որը տեղավորում է 31 հազար հանդիսական: Պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 31-ին` Երեւանում: