ՉԵՄՊԻՈՆԻ ՄԱՐԶԻՉԸ ՓՈԽՎԵՑ
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի չեմպիոն «Փյունիկի» գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը պաշտոնանկ է արվել: Պատճառը թիմի վերջին շրջանում ցույց տված ցածր արդյունքներն են: Գյուլբուղադյանցի փոխարեն «Փյունիկը» կգլխավորի նրա օգնական Վարդան Մինասյանը, որը նաեւ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պոուլսենի օգնականն է:
«Փյունիկը» ընթացիկ մրցաշրջանում աչքի է ընկնում անկայուն խաղով: Դա բնական է, քանի որ թիմի կազմում գերակշռում են երիտասարդ եւ պատանի ֆուտբոլիստները: Բացառությամբ փորձառու Սարգիս Հովսեփյանի եւ Կարեն Դոխոյանի` մյուս ֆուտբոլիստները 17-22 տարեկան են: Հայաստանի առաջնության վերջին հանդիպումներում «Փյունիկը» միեւնույն 0:1 հաշվով զիջել էր «Գանձասարին» եւ «Ուլիսին»` նահանջելով 4-րդ հորիզոնական: Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ «Փյունիկը» Չեմպիոնների լիգայի 2007-08թթ. խաղարկությունում կարողացել էր հաղթահարել որակավորման առաջին փուլի արգելքը, դարձել Հայաստանի 2007թ. չեմպիոն:
Նորանշանակ գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը այս պաշտոնում աշխատելու փորձ արդեն ունի: Նրա գլխավորությամբ «Փյունիկը» նույնիսկ դարձել է Հայաստանի չեմպիոն 2004թ. առաջնությունում: Մինասյանը վերջին տարիներին եղել է նաեւ Հայաստանի հավաքականը գլխավորած արտասահմանցի մարզիչների օգնականը, իսկ 2007թ. մի քանի հանդիպում մեր ընտրանին անցկացրել է նրա գլխավորությամբ: Թեեւ Վարդան Մինասյանը ընդամենը 34 տարեկան է, սակայն արդեն մարզչական մեծ փորձ է կուտակել:
«Շատ քիչ ժամանակ է մնացել Չեմպիոնների լիգայի մեկնարկին: Պետք է հավաքվենք, լավ նախապատրաստվենք այս ստուգատեսին եւ որքան հնարավոր է լավ հանդես գան», - «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Վարդան Մինասյանը: «Փյունիկի» գլխավոր մարզիչը նշեց նաեւ, որ դեռ հայտնի չէ, թե արդյոք թիմը կհամալրեն նոր ֆուտբոլիստներ. «Նման ցանկություն ունենք, բայց դա կորոշենք, ակումբի ղեկավարության հետ զրուցելով»: