ԵՎՐՈՊԱՅԻ 13-ՐԴ ՉԵՄՊԻՈՆԸ
Աջակցիր «Ա1+»-ինԵՎՐՈՊԱՅԻ 13-ՐԴ ՉԵՄՊԻՈՆԸ
Ֆուտբոլի Իսպանիայի հավաքականը դարձավ Եվրոպայի առաջնությունների 13-րդ չեմպիոնը` Վիննայում կայացած «Եվրո-2008»-ի եզրափակիչում 1:0 հաշվով առավելության հասնելով Գերմանիայի հավաքականի նկատմամբ:
Առաջնության մեկնարկից առաջ հենց այս թիմերն էին համարվում ֆավորիտներ: Գերմանացիները հաղթանակի համար սահմանվել էր 4.50 գործակից, իսկ Իսպանիայի համար` 6.00: Իսկ ահա եզրափակիչից առաջ, արդեն իսպանացիներն էին ֆավորիտ, քանի որ առաջնության ընթացքում այս թիմի ցուցադրած խաղը եւ արդյունքներն ավելի տպավորիչ էին:
Հանդիպման մեկնարկում ավելի ակտիվ էին գերմանացիները, որոնց գրոհները սակայն վտանգ չէին պարունակում իրենց մեջ: Փոխարենը սկսեցին ավելի սուր գրոհել իսպանացիները եւ առաջին ահազանգը հնչեց 23-րդ րոպեին, երբ Ֆեռնանդո Տորեսի գլխով կատարած հարվածից հետո գնդակը ետ մղվեց դարպասաձողից: 10 րոպե անց Տորսեսն առաջ անցնելով Ֆիլիպ Լամից մեն-մենակ հայտնվեց Լեմանի դեմ եւ գրավեց գերմանացիների դարպասը: 2-րդ կեսում իսպանացիները ավելի մոտ էին հաջողությունը զարգացնելուն, քան` գերմանացիները հաշիվը հավասարեցնելուն: Իսպանիան արժանիորեն հաղթեց 1:0 հաշվով եւ 44 տարի անց կրկին դարձավ լավագույնն Եվրոպայում:
Հանդիպումից հետո առաջինը խոսել է Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Արագոնեսը. «Մենք հավաքել էին ֆուտբոլիստների մի խումբ, որը հիանալի է խաղում, կարողանում է գնդակ պահել եւ ճշգրիտ փոխանցումներ կատարել: Նրանց դժվար է կանգնեցնել: Մենք բոլորս միասին ենք աշխատում. նրանք ովքեր շատ են հանդես գալիս, ովքեր քիչ են հանդես գալիս: Սա երջանիկ օր է Իսպանիայի համար: Մենք փայլուն ոճով հաղթեցինք այս մրցաշարում եւ գոհ ենք արդյունքից: Այժմ մենք կարող ենք ասել, որ ի զորու ենք եվրոպական տիտղոսներ նվաճել»: Արագոնեսի կարծիքով իր սաների ցուցադրած խաղը օրինակելի է շատ թիմերի համար. «Մարդիկ կնայեն մեր հավաքականին եւ կհասկանան, թե ինչպես պետք է ֆուտբոլ խաղալ: Կարծում եմ, որ նրանք, ովքեր սիրում են ֆուտբոլն, ուզում են, որ թիմը խաղա կոմբինացիոն ոճով` ձգտելով մրցակցի տուգանային եւ խփի գոլեր: Ամենասկզբում ես ասել էի, որ եթե ճիշտ ղեկավարենք այս կազմն, ապա կդառնանք չեմպիոն: Այն ժամանակ բոլորը մտածում էին, թե ես պարզապես ոգեշնչում եմ թիմին: Ես հուսով եմ Իսպանիան կշարունակի նույն ոգով եւ կհաղթի մի շարք տիտղոսներ»: Իսպանացիների մարզիչը իր հիացմունք է արտահայտել նաեւ Ֆեռնանդո Տորեսի նկատմամբ, որը ճանաչվեց եզրափակիչի լավագույն ֆուտբլիստ. «Ֆեռնանդոն մեծ ֆուտբոլիստ է «Լիվերպուլի» եւ Իսպանիայի համար: Նա կարող է անել ամեն ինչ, ինչը հնարավոր է: Ինչո՞ւ, որովհետեւ նա անհավանական արագություն ունի եւ ունակ է արագության տակ շրջանցել մրցակցի ֆուտբոլիստին: Նա դեռ այդքան երիտասարդ է, բայց արդեն սովորել անել ամեն ինչ: Տորեսը անկասկած կարող է դառնալ լավագույններից մեկը աշխարհում»:
Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լեւը շնորհավորելով իսպանացիներին, ընդունել է, որ մրցակիցը ուժեղ էր եզրափակիչում. «Մենք պետք է խոստովանենք, որ իսպանացիները բարձր կարգ ունեն: Նրանք հաջող հանդես եկան, ողջ մրցաշարի ընթացքում, իսկ այսօր անկրկնելի տեխնիկա ցուցադրեցինք եւ ստեղծեցին ավելի շատ գոլային պահեր քան մենք: Մենք հիասթափված ենք, բայց ընդահանուր առմամբ ես բավարարված եմ այս մրցաշարից: Վերջին 45- օրերին, երբ մենք միասին էինք, թիմը իրեն շատ լավ դրեսուորեց: Մենք հաճույք էինք ստանում այս գործընթացից: Այս պարտությունը կստիպի մեզ ավելի ակտիվ աշխատել առաջիկա տարիներին»:
«ՄԻԿԱՆ» ԴՈՒՐՍ ՄՆԱՑ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼԻՑ
Երեւանի «Միկան» չկարողացավ հաղթահարել Ինտերտոտոյի գավաթի խաղարկության առաջին փուլի արգելքը: Հայկական ակումբը առաջին փուլի պատասխան խաղում Տիրասպոլում համանուն թիմի հետ մրցավեճն ավարտվեց 0:0 հաշվով:
Երեւանում կայացած առաջին խաղը եւս ավարտվել էր ոչ-ոքի, սակայն 2:2 հաշվով, ուստի պատասխան խաղում «Տիրասպոլին» բավարարում էր նաեւ 0:0 կամ 1:1 հաշիվը: Իսկ «Միկան», որին հաղթանակ էր անհրաժեշտ, առաջին կեսում բավական ակտիվ է եղել, մի շարք գոլային հնարավորություններ ստեղծել: Դրվագներից մեկում էլ «Տիրասպոլի» դարպասապահ Ժուրիկը գնդակը «նվիրել» է Կարեն Ավոյանին, որը չի կարողացել գրավել անպաշտպան դարպասը: 2-րդ կեսում հայ ֆուտբոլիստները արդեն ֆիզիկապես հոգնած են եղել եւ չեն կարողացել պահպանել խաղային առավելությունը: Ի վերջո հանդիպումը ավարտվել է 0:0 հաշվով եւ «Տիրասպոլը» դուրս է եկել հաջորդ փուլ, որտեղ կմրցի ուկրաինական «Տավրիայի» հետ:
Հանդիպումից հետո «Միկայի» գլխավոր մարզիչ Արկադի Անդրեասյանը հայտարարել է, որ իր սաներին խանգարեց փորձի պակասը. «Մենք պետք է կազմակերպված գործեինք եւ գրոհեինք: Սկզբունքորեն մենք այդպես էլ անում էինք, սակայն մեր ֆուտբոլիստներին չհերիքեց այն փորձը, որը կօգներ գոլ խփել: Չնայած, եթե մեր ֆուտբոլիստները կարողանային անել ամեն ինչ, ապա նրանք բարձրակարգ թիմերում կլինեին, բայց նրանք մեզ մոտ են»:
«ՓՅՈՒՆԻԿԸ» ԿՐԿԻՆ ՊԱՐՏՎԵՑ
Ֆուտբոլի Հայաստանի առաջնությունում կայացան 8-րդ տուրից հետաձգված հանդիպումները: Չեմպիոն «Փյունիկը» 2-րդ անընդմեջ պարտությունը կրեց այս անգամ 0:1 հաշվով պարտվելով «Ուլիսին»:
Նախորդ տուրում «Փյունիկը» նույն հաշվով Կապանում զիջել էր «Գանձասարին» եւ այս խաղում պետք է փորձեր ետ բերել կորցրածը, այլապես հնարավորություն էր տալիս առաջին 2 հորիզոնականներում գտնվողներին մեծացնել միավորների առկա տարբերությունը: Հավասար պայքարում ընթացած այս հանդիպման ելքը վճռեց Ադոֆե Շովբոյը, որը ի դեպ պատկանում է «Փյունիկին» եւ վարձավճարով է հանդս գալիս «Ուլիսում»: Վերջինս իր լավագույն հանդիպումներից մեկը անցկացրեց ընթացիկ մրցաշրջանում, եթե ոչ լավագույնը: Հաղթանակը թույլ տվեց «Ուլիսին» հեռանալ նախավերջին հորիզոնականից` այն թողնելով Գյումրիի «Շիրակին»: Առաջատար «Արարատը» մեծ դժվարությամբ առավելության հասավ ետնապահ «Կիլիկիայի» նկատմամբ: Արարատցիները հաղթեցին 50-րդ րոպեին Մարկոսի խփած գոլի շնորհիվ եւ ավելի ամրապնդվեցին առաջին հորիզոնականում:
«Բանանց» - «Գանձասար» հանդիպումը ավարտվեց 1:1 հաշվով, թեեւ տանտերերը բացահայտ առավելություն ունեին մրցակցի նկատմամբ: 45-րդ րոպեին հյուրերի կազմում աչքի ընկավ «Բանանցի» նախկին ֆուտբոլիստ Արտակ Օսեյանը: 67-րդ րոպեին Արամ Բարեղամյանը հեռահար գեղեցիկ հարվածով հավասարեցրեց հաշիվը: Խփած գոլից հետո «Բանանցը» եւս մի քանի գոլային պահեր ունեցավ, սակայն չկարողացավ իրացնել դրանք: