ՉԵԽԵՐԸ ՍԳՈՒՄ ԵՆ, ԹՈՒՐՔԵՐԸ` ՑՆԾՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ին«Եվրո-2008»-ի խմբային մրցաշարը թեւակոխել է վճռական փուլ: Թիմերը անցկացնում են վերջին 3-րդ տուրի հանդիպումները: A խմբում քառորդ եզրափակիչի ուղեգիր մինչ այս արդեն նվաճել էր Պորտուգալիան, իսկ մյուս ուղեգրի համար պայքարում էին Չեխիայի եւ Թուրքիայի հավաքականները:
Թուրքիա - Չեխիա 3:2
Հանդիպումից առաջ 2 թիմերն էլ հավասար միավորներ էին վաստակել, հավասար գնդակների տարբերություն ունեին եւ ոչ-ոքիի դեպքում պայքարը շարունակելու էին 11 մետրանոց հարվածներով: Յան Կոլերի եւ Յարոսլավ Պլաշիլի դիպուկ հարվածներից հետո հաշվի մեջ առաջ անցնելով 2:0 հաշվով, թվում էր չեխերը արդեն ապահովել են իրենց տեղը քառորդ եզրափակիչում: Առավել եւս, որ հանդիպման ավարտին մնում էր 15 րոպե, իսկ Չեխիայի հավաքականի դարպասին կանգնած էր աշխարհի լավագույն դարպասապահներից մեկը` Պետեր Չեխը, որը վերջին տարիներին համարվում է Լոնդոնի «Չելսիի» հիմնական դարպասապահը: Սակայն հենց Չեխի անփույթ խաղը ճակատագրական եղավ: 75-րդ րոպեին Արդա Տուրանը կրճատեց հաշվի տարբերությունը, որից հետո, 87-րդ րոպեին Պետեր Չեխը, փորձելով որսալ Ալտինտոպի փոխանցումը, գնդակը նվիրեց թուրքերի ավագ Նիհաթ Կահվեչիին, որը հանգիստ հավասարեցրեց հաշիվը: Ստանալով հոգբանական առավելություն` Թուրքիան ընդամենը 2 րոպե անց նաեւ 3-րդ գնդակը ուղարկեց Չեխի դարպասը: Կրկին աչքի ընկավ Նիհաթը:
«Նման ծանր պարտությունից վերականգնվելու համար շատ երկար ժամանակ է անհրաժեշտ, - հանդիպումից հետո է ասել է Չեխիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կարել Բրյուկները,-Առաջին կեսում եւ 2-րդ կեսի սկզբնամասում մենք շատ լավ էինք պաշտպանվում: Մրցակիցը ժամանակ առ ժամանակ ճնշում էր գործադրում, սակայն մեր պաշտպանությունը անթերի էր գործում: Խաղավերջում մրցակիցը մեծացրեց ճնշումը, եւ մենք տեղի տվեցինք, թեեւ սպասելի էր, որ Թուրքիան խաղավերջում ավելի մեծ ուժերով է գրոհելու»:
Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաթիհ Տերիմին գտնում է, որ իր սաները հաղթեցին կամային որակների շնորհիվ. «Ինչ տարբերություն 0:2 թե 0:4: Մենք պարտավոր էինք նետվել առաջ եւ կորցնելու ոչինչ այլեւս չունեինք: Երբ կարողացանք հավասարեցնել հաշիվը, արդեն մտածում էինք 11 մետրանոցների մասին, բայց ես կոչ արեցի փորձել խփել 3-րդ գնդակ եւ ստացվեց: Հիանալի է, երբ ունես մի խումբ ֆուտբոլիստներ, որոնք երբեք չեն հանձնվում եւ պայքարում են մինչեւ մրցավարի վերջին սուլիչը»:
Շվեյցարիա - Պորտուգալիա` 2:0
Այս հանդիպումը որեւէ նշանակություն չուներ կողմերի համար: Պորտուգալիան արդեն ապահովել էր 1-ին հորիզոնականը, իսկ Շվեյցարիան պարտվելով առաջին 2 հանդիպումներում զրկվել էր հաջորդ փուլ դուրս գալու բոլոր հնարավորություններից: Թեեւ խաղը ընկերական բնույթ էր ստացել, սակայն անցավ բավական կոպիտ եւ լարված պայքարում: Այս խաղի ընթացքում ֆուտբոլիստները խաղի կանոնների միանգամից 53 խախտում թույլ տվեցին, որը ամենաբարձր ցուցանիշն է ընթացիկ առաջնությունում:
Ամեն դեպքում շվեյցարացիներին հաջողվեց ուրախացնել երկրպագուներին եւ առավելության հասնել մրցաշարի ֆավորիտների թվին դասվող Պորտուգալիայի նկատմամբ: Վերջինիս գլխավոր մարզիչ Լուիշ Ֆելիպե Սկոլարին այս խաղում հնարավորություն էր տվել խաղալ հիմնականում պահեստային ֆուտբոլիստներին, իսկ առաջատարները խնայում էին ուժերը` քառորդ եզրափակիչին ավելի լավ նախապատրաստվելու համար: