Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՎՍ ՄԵԿ ՀԱՅ ԲԵԼԱՌՈՒՍՈՒՄ

Սպորտ

Հայաստանի հավաքականի 27-ամյա կիսապաշտպան Կարեն Ալեքսանյանը պատրաստվում է պայմանագիր կնքել բելառուսական «Տորպեդոյի» հետ, որը ներկայացնում է Ժոդինո քաղաքը: Թեեւ Ալեքսանյանը 2008թ. հունվարին պայմանագիր էր կնքել Երեւանի «Բանանցի» հետ, սակայն օրերս այն չեղյալ էր համարվել:

«Տորպեդոն» Բելառուսի ընթացիկ առաջնությունում 13 միավորով ընթանում է 6-րդ հորիզոնականում: Թիմը 47 տարվա պատմություն ունի, սակայն այս ընթացքում որեւէ լուրջ հաջողության չի հասել:

Կարեն Ալեքսանյանը կարիերան սկսել է Գյումրիի «Շիրակում», որի կազմում անցկացնելով 7 մրցաշրջան` 2003թ. տեղափոխվել է Երեւանի «Փյունիկ»: 1 տարի անցկացնելով այս թիմում եւ դառնալով Հայաստանի չեմպիոն` Ալեքսանյանը տեղափոխվեց Քիշինեւի «Զիբրու», որտեղ հանդես եկավ 2004-07թթ.:

Բելառուսի ընթացիկ առաջնությունում Ալեքսանյանը կլինի 6-րդ հայ ֆուտբոլիստը: Մինչ այս «Վիտեբսկում» էին հանդես գալիս Արթուր Ոսկանյանը եւ Ալեքսանդր Թադեւոսյանը, «Սմարգոնում»` Գալուստ Պետրոսյանը, «Գոմելում»` Աղվան Մկրտչյանը եւ Արմեն Տիգրանյանը: Առայժմ ամենահաջողը հանդես է գալիս «Վիտեբսկը», որի հիմնական կազմի ֆուտբոլիստներ են համարվում Ոսկանյանը եւ Թադեւոսյանը: Այս թիմը 18 միավորով եզրափակում է լավագույն եռյակը: