Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԲԱՆԱՆՑԸ» ԴՈՒՐՍ ԵԿԱՎ ՃԳՆԱԺԱՄԻՑ

Սպորտ

Երեւանի «Բանանցը» Հայաստանի առաջնության 10-րդ տուրում վերջապես կասեցրեց «Արարատի» հաղթարշավը` առաջատարին հաղթելով 3:0 հաշվով: Պարտությունը մեծ անակնկալ էր նախ եւ առաջ «Արարատի» համար: «2-րդ կեսում մեր պաշտպաններից Վահագն Մինասյանը եւ Հրայր Մկոյանը անճանաչելի էին դարձել: Նրանց կոպիտ սխալներն էլ բերեցին այսպիսի արդյունքի», - հանդիպումից հետո ասաց «Արարատի» գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանի օգնական Գագիկ Թամրազովը:

Իսկ ահա «Բանանցի» գլխավոր մարզիչ Նեդելչո Մատուշեւը բավական բարձր տրամադրություն ուներ եւ հաղթանակը նվիրեց ակումբի նախագահ Սարգիս Իսրայելյանին. «Մի շարք հանդիպումներում մենք առավելություն ունեցել ենք, սակայն արդյունքում պարտվել: Այսօր այդպես չեղավ եւ մենք կարողացանք պահպանել հաղթանակը: Կարծում եմ մեր թիմին լավ ապագա է սպասվում եւ աստիճանաբար մենք կհասնենք ցանկալի արդյունքի: Այս դժվարին պահին սա շատ կարեւոր հաղթանակ էր մեզ համար»:

1-ին հորիզոնականում գտնվող «Արարատին» ընդհուպ մոտեցավ «Միկան», որը այս տուրում 2:1 հաշվով առավելության հասավ «Գանձասարի» նկատմամբ: Այս պարտությունից հետո կապանցիները նահանջեցին 7-րդ հորիզոնական, քանի որ «Ուլիսը» 3 անպատասխան գնդակ ուղարկելով «Կիլիկիայի» դարպասը` շրջանցեց «Գանձասարին»: Վերջինիս գլխավոր մարզիչ Սամվել Պետրոսյանը գտնում է, որ «Միկայի» հետ հանդիպման ելքը արդարացի չէր. «2-րդ կեսում բացելով խաղի հաշիվը, չկարողացանք պահպանել այն եւ ցավալի պարտություն կրեցինք: Մեր պաշտպանների կոպիտ սխալների արդյունքում մրցակիցը 2 րոպեում նույնքան գնդակ խփեց եւ առաջ անցավ հաշվի մեջ»: