Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԽՈՐՎԱԹՆԵՐՆ ԷԼ ԴՈՒՐՍ ԵԿԱՆ ՔԱՌՈՐԴ ԵԶՐԱՓԱԿԻՉ

Սպորտ

«Եվրո-2008»-ում վերջապես մեծ անակնկալ գրանցվեց: B խմբի առաջատար, մրցաշարի ֆավորիտ Գերմանիայի հավաքականը պարտություն կրեց խորվաթներից:

Չնայած այս պարտությանը գերմանացիները դեռ լավ հնարավորություններ են պահպանում դուրս գալու հաջորդ փուլ:

Խորվաթիա - Գերմանիա` 2:1

Մեկնարկային տուրում 2 թիմերն էլ հաղթել էին մրցակիցներին եւ այս խաղում հաղթողը ապահովում էր իր տեղը քառորդ եզրափակիչում: Թվում էր նման իրավունքի կարժանանան գերմանացիները, որոնք առաջին տուրում վստահ հաղթանակ էին տոնել Լեհաստանի հետ մրցավեճում: Սակայն խորվաթները եւս մեկ անգամ հաստատեցին, որ ընտրական փուլում պատահականորեն չէին 2 անգամ առավելության հասել Անգլիայի նկատմամբ եւ դուրս թողել բրիտանացիներին եզրափակիչ փուլից:

Խորվաթների գլխավոր մարզիչ Սլավեն Բիլիչը գտնում է, որ հաղթանակին իր սաները հասան գեղեցիկ խաղի շնորհիվ. «Անհնար է հաղթել Գերմանիային` ցույց չտալով գեղեցիկ ֆուտբոլ: Հզոր մրցակցի հետ խաղում մենք փորձում էինք նախաձեռնությունը չզիջել խաղադաշտի յուրաքանչյուր հատվածում: Սա ինձ համար ավելի կարեւոր հաջողություն էր, քան Անգլիայի նկատմամբ «Ուեմբլիում» ունեցած հաղթանակը: Ինձ անընդհատ խնդրում են համեմատել ներկայիս Խորվաթիան 1998թ. հավաքականի հետ: Ես կարող եմ ասել, որ մենք բոլորս խորվաթներ ենք եւ ձգտում են ուրախություն պարգեւել մեր երկրպագուներին եւ այս առումով ամենեւին էլ միակը չենք»:

Գերմանացիների գլխավոր մարզիչ Յոահիվ Լեւն ընդունել է այն փաստը, որ իր թիմը արժանի էր պարտության. «Արդյունքը միանգամայն համապատասխանում էր այսօր ծավալված պայքարին: Մենք արժանի էին այս պարտությանը: Մեր թիմը այնքան կենտրոնացած եւ արագ չէր, որպեսզի խնդիրներ ստեղծեր խորվաթների համար: Մենք չկարողացանք կոմբինացիոն խաղ ցուցադրել եւ գործել մեկ հպումով: Խորվաթները խփած գոլից հետո նահանջեցին, իսկ մենք ի վիճակի չէինք ճեղքել նրանց պաշտպանությունը: Վերջին տարիներին Գերմանիան ունեցել է նաեւ պարտություններ: Այնպես չէ, որ միշտ հաղթում ենք: Անհաջողություններից հետո միշտ էլ վերականգնվել ենք եւ ավելի լավ խաղ ցուցադրել: Համոզված եմ, որ այդպես կլինի նաեւ Ավստրիայի հետ կայանալիք հաջորդ խաղում»:

Ավստրիա - Լեհաստան` 1:1

Խմբի ետնապահների մրցավեճը սկսվեց բավական աշխույժ պայքարում, եւ տանտերերը մի քանի անգամ մոտ էին հաջողությանը: Ունենալով ռեալ գոլային պահեր` ավստրիացիները այդպես էլ չգրավեցին Լեհաստանի դարպասը: Փոխարենը 30-րդ րոպեին հաջողության հասան լեհերը, որոնք երկար ժամանակ պահպանում էին հաղթական հաշիվը: Թվում էր` հանդիպումը այդպես էլ կավարտվի, սակայն մրցավարի ավելացրած ժամանակահատվածի 3-րդ րոպեին մրցավարը կասկածելի 11 մետրանոց նշանակեց Լեհաստանի դարպասին, որը անվրեպ իրացրեց Վաստիչը:

Ոչ-ոքին 2 թիմերին էլ հնարավորություն է տալիս պահպանել քառորդ եզրափակիչ դուրս գալու հնարավորություն, սակայն, Լեհաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեո Բենհակերի կարծիքով, առաջնությունը իր թիմի համար ավարտված է. «Սա մեր վերջին հնարավորություն էր պայքարը շարունակելու համար: Կարծում եմ` մենք այդ հնարավորությունը կորցրեցինք եւ դա շատ ցավալի էր: Երբ 0:2 հաշվով պարտվում ես Գերմանիային, դա եւս ցավալի է, բայց այն ընդունել հնարավոր է: Բայց երբ կորցնում ես հաղթանակ այսպես հանկարծակի, շատ դժվար է»:

Այսպիսով` արդեն հայտնի են քառորդ եզրափակիչի 2 մասնակիցները: ժամանակից շուտ նման իրավունք են ստացել Խորվաթիայի եւ Պորտուգալիայի հավաքականները: