Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԱՐԱՐԱՏԻ» ԱՌԱՋԻՆ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի առաջնությունում կայացան 10-րդ տուրի հանդիպումները: Տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Բանանց» մարզադաշտում, որտեղ համանուն թիմը ընդունել էր առաջատար «Արարատին»:

Մինչ այս միավոր չկորցրած «Արարատը» կրեց իր առաջին պարտությունը՝ անսպասելիորեն զիջելով խոշոր 0:3 հաշվով: 69-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Արամ Բարեղամյանը, իսկ 5 րոպե անց Անդրեյ Բուրդիյանը կրկնապատկեց այն: Հանդիպման վերջակետը 83-րդ րոպեին դրեց Արսեն Բալաբեկյանը՝ հաշիվը դարձնելով խոշոր:

Չեմպիոն «Փյունիկը» հյուրընկալվելիս 1:0 հաշվով առավելության հասավ Գյումրիի «Շիրակի» նկատմամբ: Հաղթական գնդակը հյուրերի կազմում 53-րդ րոպեին խփեց Վարդան Պետրոսյանը:

Դրամատիկ պայքարում ընթացավ «Միկա» - «Գանձասար» հանդիպումը: 72-րդ րոպեին հաշիվը բացեցին հյուրերը, որոնք կազմում աչքի ընկավ Բենիամին Մանուչարյանը, սակայն մինչեւ խաղավարտ «Միկային» ոչ միայն հաջողվեց հավասարեցնել հաշիվը, այլեւ հաղթել 2:1 հաշվով:

Այս տուրում միմյանց հետ հանդիպեցինք նաեւ ետնապահները՝ «Կիլիկիան» եւ «Ուլիսը»: Ինչպես եւ առաջին շրջանում` «Ուլիսը» առավելության հասավ 3:0 հաշվով:

10-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 21 միավորով շարունակում է գլխավորել «Արարատը»:

ԿԱՐԵՆ ԱՍՐՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

>

«Շախմատային հսկաներ» արագ շախմատի միջազգային մրցաշարը այսօր վերսկսվեց 2-րդ տուրի հանդիպումներով: 1-ին տուրից հետո մրցաշարը Կարեն Ասրյանի մահվան կապակցությամբ ընհատվել էր 2 օրով, ուստի այսօր կայացան միանգամից 2 տուրի հանդիպումներ: Բացի այդ մրցաշարը վերանվանվեց դառնալով «Կարեն Ասրյանի հուշամրցաշար»:

2-րդ տուրում Գաբրիել Սարգսյանը 1.5:0.5 հաշվով առավելության հասավ հաջող մեկնարկած Ալեքսանդր Մորոզեւիչի նկատմամբ: Լեւոն Արոնյանը այս տուրում հանդիպեց Պետեր Լեկոյի հետ: Այս գրոսմայստերների միջեւ կայացած 2 պարտիաներում էլ գրանցվեց խաղաղ արդյունք: Վլադիմիր Հակոբյանը 0.5:1.5 հաշվով պարտվեց անգլիացի Մայքլ Ադամսին, իսկ Չինացի Բու Հիանցզին 0.5:1.5 հաշվով զիջեց Իսրայելի ներկայացուցիչ Բորիս Գելֆանդին:

3-րդ տուրում 1:1 հաշվով ավարտվեցին Լեկո-Հակոբյան, Հիանցզի-Սարգսյան պարտիաները: Լեւոն Արոնյանը 1.5:0.5 հաշվով առավելության հասավ Բորիս Գելֆանդի նկատմամբ: Ադամսը 0.5:1.5 հաշվով պարտվեց Ալեքսանդր Մորոզեւիչին 3-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում են Մորոզեւիչը, Արոնյանը, Սարգսյանը եւ Լեկոն, որոնք վաստակել են 3.5-ական միավոր: