Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԸ ՍՊԱՍՈՒՄ Է ՎԱՆ ԲԱՍՏԵՆԻՆ

Սպորտ

Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը դեռ Ամստերդամի «Այաքսի» ֆուտբոլիստ է: Երիտասարդ ֆուտբոլիստը «Ա1+»-ին հայտնեց, որ այն տեղեկությունները, թե իբր նա ազատ խաղացողի կարգավիճակ է ստացել, չի համապատասխանում իրականությանը. «Ինտերնետային կայքերից եմ այդ մասին տեղեկացել: Շատ արագ տարածվել է այդ տեղեկությունը, որը իրականության չի համապատասխանում: Իմ կարգավիճակի հարցը դեռ անորոշ է»,-ասաց նա:

«Եվրո-2008»-ի ավարտից հետո «Այաքսը» գլխավորելու է Հոլանդիայի հավաքականի ներկայիս գլխավոր մարզիչ Մարկո վան Բաստենը. «Եվրոպայի առաջնության ավարտից հետո էլ պարզ կլինի, թե որտեղ եմ շարունակելու կարիերաս: Պետք է զրուցեմ Վան Բաստենի, ինչպես նաեւ ակումբի նախագահի: Դա տեղի կունենա հուլիսի սկզբներին»: Մանուչարյանը ներկայումս Երեւանում է, որտեղ էլ անցկացնում է իր արձակուրդը, միաժամանակ մարզվում` մարզավիճակը պահպանելու համար:

21 տարեկան ֆուտբոլիստը, 2005թ. հայտնվելով հեղինակավոր հոլանդական ակումբում, մինչ օրս ընդամենը 9 պաշտոնական հանդիպման է մասնակցել եւ խփել 1 գնդակ: Դա հիմնականում պայմանավորված է նրանով, որ երիտասարդ ֆուտբոլիստը հաճախակի է վնասվածք ստանում եւ երկարատեւ բուժման կուրսեր անցնում: