Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՌԱՋԻՆԸ ՁԱԽՈՂՎԵՑԻՆ ՏԱՆՏԵՐԵՐԸ

Սպորտ

«Եվրո-2008»-ի խմբային մրցաշարից առաջին պայքարից դուրս մնաց կազմակերպիչներից մեկը` Շվեյցարիան, իսկ Պորտուգալիան առաջինը ապահովեց իր տեղը քառորդ եզրափակիչում:

Չեխիա - Պորտուգալիա` 1:3

Հանդիպումը նշանավորվեց Կրիշտիանու Ռոնալդուի փայլուն խաղով: Աշխարհի թիվ մեկ ֆուտբոլիստի կոչմանը հավակնող այս խաղացողից սպասելիքները մեծ են եւ դրանք աստիճանաբար արդարանում են: 8-րդ րոպեին Ռոնալդուի ճեղքումից հետո Դեկուն բացեց հաշիվը, 63-րդ րոպեին անձամբ գրավեց չեխերի դարպասը, իսկ մրցավարի ավելացրած ժամանակահատվածում օգնեց հաջողության հասնել Քուարսեմային: Տանելով իր 2-րդ հաղթանակը մրցաշարում` Պորտուգալիայի հավաքականը վստահորեն գլխավորում է Ա խմբի մրցաշարային աղյուսակը եւ անկախ վերջին տուրի հանդիպումներից հանդես կգա քառորդ եզրափակիչում:

«Ես հպարտ եմ, որ մենք նման գեղեցիկ ոճով կատարեցինք մեր առջեւ դրված խնդիրը եւ ժամանակից շուտ դուրս եկանք քառորդ եզրափակիչ», - հանդիպումից հետո ասել է պորտուգալացիների գլխավոր մարզիչ Լուիշ Ֆելիպե Սկոլարին. «Նախկինում մենք հաճախ էինք մեր առջեւ խնդիրներ ստեղծում: Այս անգամ մենք նոր թիմ ունենք, որը իր կյանքը չի բարդացնում: Վերջին տարվա ընթացքում մենք բազմաթիվ խնդիրներ ենք ունեցել, սակայն այժմ ես կրկին հնարավորություն եմ ստացել աշխատել եւ մենք սովորել ենք գործել, որպես մեկ համակարգ»:

Չեխիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կարել Բրյուկները խոստովանել է, որ մրցակիցը ուժեղ էր. «Մենք երկար ժամանակ հավասար պայքար էինք մղում, բայց ի վերջո պարտվեցինք շատ տաղանադվոր մի թիմի: Պետք է խոստովանենք, որ մրցակիցը իրոք ուժեղ էր եւ չնայած նախորդ խաղի համեմատ ավելի հաջող գործեցինք, բայց դա բավական չէր արդյունքի հասնելու համար: Պարզապես անհավանական էր, թե ինչպես էին պորտուգալացիները պաշտպանությունից անցնում հարձակման: Հակագրոհները նրանց մոտ իդեալական են ստացվում»:

Շվեյցարիա - Թուրքիա` 1:2

Հորդառատ անձրեւի ուղեկցությամբ ընթացած այս հանդիպման ելքը թիմերի համար շատ մեծ կարեւորություն ուներ, քանի որ պարտվողը զրկվում էր քառորդ եզրափակիչում հանդես գալու հնարավորությունից: Առաջին կեսում առաջ անցնելով հաշվի մեջ` շվեյցարացիները 2-րդ կեսում ոչ միայն չկարողացան պահպանել հաշվի տարբերությունը, այլեւ մրցավարի ավելացրած ժամանակահատվածում գնդակ ընդունեցին եւ պարտվեցին:

Շվեյցարիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յակոբ Կունը գտնում է, որ պարզապես իրենց բախտը չբերեց. «Ես հակված չեմ մեղադրելու ֆուտբոլիստներին: Նրանք խաղացին այնքան, որքան կարող էին, սակայն մարզական բախտը մեր կողմը չէր: 2 խաղում էլ մենք պարտվեցինք, թեեւ արժանի չէինք դրան: Չէի ասի, թե այսօր մենք ուժեղ էինք Թուրքիայից, բայց 2-րդ կեսում հակագրոհի ժամանակ մենք լավ հնարավորություն ունեցանք, երբ 3 ֆուտբոլիստներ դուրս էին եկել 1 պաշտպանի դիմաց: Որքան էլ տարօրինակ է գոլ չխփեցինք, եւ դա ինձ չի կարող բավարարել: Սա շատ մեծ հարված էր եւ ցավալի պարտություն: Մենք ամեն ինչ արել էինք լավ հանդես գալու համար»:

Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաթիհ Տերիմը բոլորովին այլ տրամադրությամբ է խոսել խաղի մասին. «Հիանալի զգացումներ ունեմ հանդիպումից: Խաղացողները հաղթեցին, եւ դա մեծ վստահություն կհաղորդի նրանց: Մենք դեռ «Եվրո-2008»-ում ենք, եւ սա է կարեւորը: Երբ անձրեւը սկսվեց, ինձ թվաց, թե այն մեր օգտին է, սակայն ես չէի կարծում, որ այդպիսի հորառատ անձրեւ կլինի: Ես աղոթում էի, որ անձրեւը կտրվի»: