Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՌԵԿՈՐԴԸ ԲԱՐԵԼԱՎԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի առաջնությունում վաղը կկայանան 10-րդ տուրի հանդիպումները, որոնցից հետո մրցաշարային աղյուսակում լուրջ փոփոխություններ են սպասվում:

«Բանանց» - «Արարատ»

Այս թիմերի մասնակցությամբ հանդիպումները վերջին տարիներին անցնում են անզիջում պայքարում եւ ավարտվում են կողմերից մեկի նվազագույն հաշվով հաղթանակով:

Այս տարի «Բանանցը» եւ «Արարատը» հանդիպել են 2 անգամ եւ 2 դեպքում էլ հաղթել են Վարուժան Սուքիասյանի սաները, որոնցից մեկը գավաթի եզրափակիչում` լրացուցիչ ժամանակում: Միավորների կորուստ չունեցող «Արարատի» համար, այս խաղում հաղթելը բավական բարդ խնդիր կլինի, քանի որ «Բանանցի» գլխավոր մարզիչ Նեդելչո Մատուշեւի համար սա վերջին հնարավորություններից մեկն է պաշտոնը պահպանելու համար: Իսկ «Արարատը» հնարավորություն ունի բարելավելու իր ռեկորդը` առաջնության մեկնարկում տարած հաղթանակների քանակով:

«Միկա» - «Գանձասար»

Երկու թիմերն էլ նախորդ տուրում հաղթել են մրցակիցներին: «Միկայի» համար սա եւս մեկ առիթ է նաեւ փորձարկել ուժերը «Ինտերտոտոյի» գավաթի խաղարկությունից առաջ: «Գանձասարը», նախորդ տուրում հաղթելով «Շիրակին» , բաձրացավ 5-րդ հորիզոնական, սակայն անհաջողության դեպքում կրկին կարող է վերադառնալ նախավերջին հորիզոնական: «Միկան» հաղթանակի դեպքում կպահպանի 2-րդ տեղը, իսկ եթե միավոր կորցնի, ապա հնարավորություն կտա «Փյունիկին» ընդհուպ մոտենալ իրեն:

«Շիրակ» - «Փյունիկ»

Հաջող մեկնարկից հետո գյումրեցիները վերջին տուրերում բավական անհաջող են հանդես գալիս: Նախորդ 3 խաղերում «Շիրակը» չի կարողացել գրավել մրցակիցների դարպասը: «Փյունիկը» այս խաղում կձգտի ռեւանշի հասնել առաջին շրջանում սեփական հարկի տակ կրած պարտությունից հետո: Այս թիմերը վերջին 2 տարիներին միմյանց դեմ ավելի հաջող են հանդես գալիս հյուրընկալվելիս, քան սեփական հարկի տակ: Նախորդ տուրում «Բանանցի» հաղթելով «Փյունիկը» ցույց տվեց, որ ներկայիս կազմով եւս կարող է պայքարել բարձր հորիզոնականների համար:

«Կիլիկիա» - «Ուլիս»

Մրցաշարային աղյուսակը եզրափակող այս թիմերի պայքարում ավելի շատ են հյուրերի հնարավորությունները, որոնք անհամեմատ ավելի լավ կազմ ունեն: Սակայն «Կիլիկիան» վերջին տուրերում աչքի է ընկնում ամուր պաշտպանությամբ եւ տակտիկապես գրագետ խաղով: Նորանշանակ գլխավոր մարզիչ Էդուարդ Մարգարովը թվում է թիմին նոր շունչ է հաղորդել, եւ երիտասարդ ֆուտբոլիստներով համալրված «Կիլիկիան» այլեւս միավորներ բաժանողի դերում չէ: