23 ՄԱՐԶԻԿ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՈՒՂԵԳԻՐ Է ՆՎԱՃԵԼ
Աջակցիր «Ա1+»-ին«Հայ մարզիկները օլիմպիական 23 վարկանիշ են ձեռք բերել, սակայն սպասվում են նաեւ 1-2 «սպիտակ քարտեր» միջազգային օլիմպիական կոմիտեից եւ կարծում եմ 25 մարզիկներով կմասնակցեն 29-րդ օլիմպիական խաղերին», - այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարար Արմեն Գրիգորյանը:
Ըստ նախարարի` վարկանիշային մրցաշարերը 2 օր առաջ արդեն ավարտվել էին, սակայն լրագրողի այն դիտարկմանը, որ դեռ լողի վարկանիշային մրցաշար կա հունիսի 14-ին եւ այնտեղ մենք դեռ հնարավորություն ունենք վարկանիշ ձեռք բերելու, Գրիգորյանը պատասխանեց. «Խոսելով լողի ֆեդերացիայի ղեկավարության եւ հավաքականի մարզիչների հետ, ես եկել եմ այն համոզմանը, որը առայժմ չենք կարող վարկանիշ ձեռք բերել, թեեւ շատ մոտ ենք դրան»:
Սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարարությունը իր ուշադրության կենտրոնում է պահում հատկապես այն 6 մարզական ֆեդերացիաներին, որոնք մարզիկները Պեկինում հանդես գալու իրավունք են ստացել.ստեղծվել է հատուկ հանրապետական շտաբ, որը ղեկավարում է ՀՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը. «Այս շտաբը 2 շաբաթը մեկ հավաքվում է եւ բոլոր այն ծագած խնդիրները, որոնք ներկայացնում են ֆեդերացիաների ղեկավարները, մարզիչները, շտաբի կողմից լուծում են ստանում»:
Նախարարը նշեց, որ ակնկալիքներ իրոք կան այն մարզիկներից, որոնք հանդես են գալու օլիմպիական խաղերում. « Չեմ ուզում խոսել, թե որքան մեդալներ կունենանք կամ ինչպիսիք կլինեն դրանք: Կարող եմ ասել, որ մեր հանդիպումները մարզիկների եւ մարզիչների հետ ցույց են տալիս, որ բոլորը մարտական են տրամադրված եւ բոլորս ցանկանում են լավագույնս մասնակցել օլիմպիական խաղերին: Այնպես որ զինվեք համբերությամբ եւ սպասեք մինչեւ օգոստոս ամիսը»:
Խոսելով 2008թ. կատարված աշխատանքների եւ ծրագրերի մասին` Արմեն Գրիգորյանը ասաց. «Հունվար ամսից մինչ օրս կատարվել է Հայաստանի 25 առաջնություններ, 46 ուսումնամարզական հավաքներ եւ 47 միջազգային մրցաշարեր, որոնք արդյունքում Հայաստանի հավաքականներում ընդգրկված մարզիկները ձեռք են բերել 23 վարկանիշ, Եվրոպայի առաջնություններում ունեցել են 24 մեդալ, որոնցից 15-ը ոսկե»:
Անդրադարձ եղավ նաեւ երիտասարդության հարցերին: Այս տարի նախատեսված են անցկացնել 140-ի ավել միջոցառումներ, որոնց շարքում իր ծավալներով առանձնանում է «Բազե» երիտասարդական հավաքը: «Բազեն» այս տարի եւս կանցկացվի Ջերմուկում` հուլիսի 11-ից 18-ը: Հավաքին մասնակցելու են 18-ից 30 տարեկան 650 երիտասարդներ Հայաստանից, Արցախից, Ջավախքից — Սփյուռքից: