Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՍՈՒՊԵՐԳԱՎԱԹԸ» ԵՎՍ ՀԵՏԱՁԳՎԵԼ Է

Սպորտ

Վերջին տարիներին մայիսի 27-ին է կայանում Հայաստանի սուպերգավաթի խաղարկությունը, որտեղ նախորդ առաջնությունում չեմպիոնի կոչումը նվաճած թիմը հանդիպումը է նախորդ գավաթի խաղարկությունում հաղթած թիմին: 2008թ. սուպերգավաթի եզրափակիչը անորոշ ժամանակով հետաձգվել է:

Այս տարի նման իրավունք էին ստացել 2007թ. չեմպիոն «Փյունիկը» եւ «Բանանցը», որոնք, հավանաբար, Հակոբ Տոնոյանի անվան այս գավաթի համար կպայքարեն հունիսի 21-28-ը ընկած ժամանակահատվածում: Այս ընթացքում կայանալու են նաեւ Ինտերտոտոյի գավաթի խաղարկության առաջին փուլի հանդիպումները, որին մասնակցելու է «Միկան» եւ բնականաբար այս թիմի մասնակցությամբ առաջնության հանդիպումները կարող են հետաձգվել: Դա լավ առիթ կլինի տուրերից մեկը հետաձգելու համար:

Ընդհանրապես Հայաստանի առաջնության հանդիպումները վերջերս բավական հաճախ են հետաձգվում: Հայտնի է, որ մինչեւ 19 տարեկանների հավաքականի ելույթների համար հետաձգվել էր 3-րդ տուրի կենտրոնական «Փյունիկ» -«Միկա» հանդիպումը: Հետաձգվեց նաեւ 5-րդ տուրի «Շիրակ» - «Բանանց» հանդիպումը, քանի որ «Բանանցի» մի քանի ֆուտբոլիստներ 19 տարեկանների հավաքականի կազմում մասնակցելու էին էլի-ռաունդի մրցաշարին:

«Փյունիկի» եւ «Բանանցի» մասնակցությամբ 7-րդ եւ 8-րդ տուրում կայանալիք հանդիպումները եւս չեն կայանա: Մասնավորապես` մայիսի 30-ին պետք է կայանար 7-րդ տուրի կենտրոնական «Արարատ» - «Փյունիկ» հանդիպումը, իսկ հունիսի 4-ին չեմպիոնը պետք է հյուրընկալվեր «Ուլիսին»: Քանի որ «Փյունիկի» խաղացողներ Գրիգոր Մելիքսեթյանը, Սարգիս Հովսեփյանը, Կարեն Դոխոյանը, Կառլեն Մկրտչյանը եւ Գեւորգ Ղազարյանը ընդգրկված են Հայաստանի հավաքականում եւ ազգային թիմի հետ մեկնել են առաջիկա 2 ընկերական հանդիպումներին մասնակցելու, ուստի վերը նշված հանդիպումները հետաձգվել են:

«Բանանցի» առաջիկա 2 հանդիպումները եւս հետաձգվել են հավաքականի հանդիպումների պատճառով, թեեւ ազգային հավաքականում ընդգրկված է «Բանանցի» մեկ ֆուտբոլիստ` Կարեն Ալեքսանյանը: Այսպիսով «Փյունիկը» եւ «Բանանցը» հետաձգված արդեն 3-ական հանդիպումներ ունեն, որոնց կարելի է գումարել նաեւ սուպերգավաթի եզրափակիչը: Բացի այդ` այս ակումբները հուլիսից հանդես են գալու եվրագավաթների խաղարկություններում եւ ստավցում է, որ առաջիկայում շաբաթական 2-3 հանդիպում պետք է անցկացնեն բացը լրացնելու համար: