ՖՈՒՏԲՈԼԻ ՓՈԽԱՐԵՆ ՀԱՐՍԱՆԻՔ
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի հավաքականի առաջիկա մրցակից Մոլդովայի հավաքականի գլխավոր մարզիչ Իգոր Դոբրովոլսկին վաղը կայանալիք ընկերական հանդիպումից առաջ խոսել է իր թիմում առկա խնդիրների եւ մրցակցի մասին:
Անդրադառնալով Հայաստանին` Դոբրովոլսկին նշել է, որ Հայաստանը ուժեղ մրցակից է. «Խորհրդային տարիներին կար մեկ հավաքական, սակայն կային թիմեր, որոնք տվյալ երկրի հավաքականի կարգավիճակ էին ստանում: Օրինակ` Հայաստանի համար, դա «Արարատն» էր, որի դեմ ես բազմիցս հանդես եմ եկել: Հայ ֆուտբոլիստները միշտ էլ առանձնանում էին իրենց տեխնիկական պատրաստվածությամբ»:
Նախորդ շաբաթ Մոլդովան հյուրընկալվելիս 0:1 հաշվով զիջել էր Խորվաթիային, սակայն Դոբրովոլսկին կարծում է, որ հանդիպման հաշիվը չի համապատասխանում խաղադաշտում ծավալված պայքարին. «Մենք արժանի չէինք պարտության: 2-րդ կեսում 3 ռեալ պահ ունեցանք դարպասը գրավելու, սակայն չկարողացանք օգտագործել դրանք եւ պարտվեինք: Բայց, ես գոհ եմ մեր ցուցադրած խաղի որակից»: Մարզիչը գտնում է, որ տեղին չէ համեմատել Հայաստանի եւ Խորվաթիայի հավաքականները .«Իհարկե խորվաթները ավելի ուժեղ են, սակայն սրանք լրիվ տարբեր հանդիպումներ են եւ համեմատությունը տեղին չի լինի: Խորվաթիայի հետ մրցեցինք հյուրընկալվելիս, իսկ Հայաստանի դեմ հանդես ենք գալու արդեն սեփական հարկի տակ: Հայաստանի հավաքականը հարգանքի արժանի մրցակիցը է: «Եվրո-2008»-ի ընտրական փուլում այս թիմերը շատերի տրամադրությունն են փչացրել: Ինձ թվում է ընկերական այս խաղում կհանդիպեն երկու հավասարազոր թիմեր»:
Դոբրովոլսկին իր վրդովմունքն է հայտնել Մոլդովայի հավաքականի առանցքային ֆուտբոլիստ Սերգեյ Կովալչուկի բացակայության կապացությամբ. «Ինձ անընդհատ հարցնում են, իսկ ո՞ւր է Կովալչուկը: Ես եւս ուզում եմ իմանալ, թե ուր է նա: Մենք հրավեր ուղարկել էինք նրան, սակայն Մոսկվայի «Սպարտակից» մենք պատասխան ստացանք, որ նա վնասվածք ունի եւ չի կարող գալ: Հետո մեզ հայտնեցին, որ նա մեկնել է Եվրոպա բուժման: Սակայն, «Սպարտակում» ես ունեմ ընկերներ, որոնք վստահեցրեցին, որ Սերգեյ ոչ մի տեղ էլ չի մեկնել: Այս ամենը խիստ տարօրինակ է ինձ համար եւ ես պատրաստվում եմ շատ լուրջ խոսակցություն ունենալ նրա հետ եւ պարզել, թե իրականում ինչ է կատարվում: Ի դեպ, Կովալչուկը միակը չէ, որ անհասկանալի պատճառաբանություններով չի ժամանում հավաքական: Ոմանք սկսել են խաղերի օրերին հարսանիքների «մասնակցել», քանի որ վնասվածքների հետ կապված պատճառաբանությունները արդեն շատ պրիմիտիվ են»:
Դոբրովոլսկին ընդգծել է նաեւ, որ հավաքականի թեկնածուներից շատերը վատ մարզավիճակում են. «Ցավոք մեր լեգեոներներից շատերը իրենց թիմերում նստած են պահեստայինների նստարանին: Եթե ես հրավիրեմ միայն նրանց, ովքեր հանդես են գալիս հիմնական կազմում, ապա հավաքականում կունենանք 11-12 թեկնածու»: