«ՁԳՏԵԼՈՒ ԵՆՔ ՀԱՂԹԵԼ ՄՐՑԱԿՑԻՆ»
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը վաղը կմեկնի Մոլդովայի Տիրասպոլ քաղաք, որտեղ մայիսի 28-ին ընկերական հանդիպում կանցկացնի Մոլդովայի ազգային հավաքականի հետ: Հավաքական հրավիրված ֆուտբոլիստները արդեն Երեւանում են եւ Յան Պոուլսենի գլխավորությամբ նախապատրաստվում են առաջիկա մրցավեճին:
«Լավ թիմ է Մոլդովան, որտեղ հիմնականում հանդես են գալիս ռուսական ակումբի ֆուտբոլիստներ: Նրանցից մի քանիսի հետ հանդես ենք եկել միեւնույն թիմերում, - ասաց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արթուր Ոսկանյանը, - Մասնավորապես` Ռադու Ռեբեժայի հետ երկու տարի հանդես ենք եկել Էլիստայի «Ուրալանում», իսկ այժմ նա «Մոսկվայի» լավագույն խաղացողներից է եւ այդ թիմի ավագը: Մենք եւս լավ թիմ ունենք եւ այս խաղում եւս ձգտելու ենք հաղթել մրցակցին»:
Արթուր Ոսկանյանը ներկայումս հանդես է գալիս բելառուսական «Վիտեբսկում»: Նախորդ մրցաշրջանում Արթուրը Երեւանի «Արարատում» էր, որի ռմբարկու Մարկոսը առաջին անգամ հնարավորություն ունի հագնել Հայաստանի հավաքականի մարզաշապիկը. «Մարկոսը հավաքականում հայտնվելը շատ տեղին է: Նրա նման ֆուտբոլիստներ մեզ ընտրանուն անհրաժեշտ են»:
Ոսկանյանի ներկայիս թիմը` «Վիտեբսկը» շատերի համար անսպասելիորեն գլխավորում է Բելառուսի առաջնության մրցաշարային աղյուսակը, սակայն հայ կիսապաշտպանը գտնվում է, որ դա օրինաչափ է. «Թիմը արժանիորեն է գլխավորում մրցաշարային աղյուսակը: «Վիտեբեսկը» աչքի է ընկնում հատկապես կոլեկտիվ խաղով: Չնայած մենք խնդիրներ ունենք գոլային պահերի իրացման հետ կապված եւ հաճախ ռեալ պահերը չենք կարողանում օգտագործել: Այս արդյունքներից հետո ակումբի ղեկավարությունը թիմի առջեւ խնդիր է դրել պայքարել չեմպիոնության համար, թեեւ մինչ այս առաջադրանք լավագույն եռյակ մտնել էր: Շուտով թիմի կազմը ուժեղացվելու է»:
Ներկայումս Բելառուսում մեծ թվով հայ ֆուտբոլիստներ են հանդես գալիս, ինչը ըստ Ոսկանյանի մի քանի գործոններով է պայմանավորված.«Այն ֆուտբոլիստները, որոնք այստեղ խաղացել են իրենց լավ են դրսեւորել իրենց: Ժամանակին Համլետ Մխիթարյանը, Կարեն Մուրադյանը եւ Կարեն Եղիզարյանն էին այստեղ հանդես գալիս: Մի պահ հայ խաղացողներին չէին հրավիրում, սակայն այս տարի կրկին սկսեցին ուշադրություն դարձնել եւ համոզվեցին, որ չեն սխալվել: Այժմ էլ հետաքրքրվում են հայ ֆուտբոլիստներով եւ պատահական չէ, որ Բելառուսի առաջնությունում միանգամից հինգ հայ է ելույթ ունենում: Իհարկե, մեծ դեր են խաղում նաեւ ֆինանսները: Այստեղ պայմանները անհամեմատ լավ են, քան Հայաստանում»: