Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԸՄԲԻՇՆԵՐԸ ՓԱՅԼԵՑԻՆ ՍԵՐԲԻԱՅՈՒՄ

Սպորտ

Սերբիայի Նովի Սադ քաղաքում ավարտվեց հունա-հռոմաեկան ոճի ըմբշամարտի վերջին վարկանիշային մրցաշարը Պեկինի օլիմպիական խաղերից առաջ: Հայաստանը ներկայացուցիչները հաջող հանդես եկան գրեթե բոլոր քաշային կարգերում:

60կգ քաշային կարգում Եվրոպայի կրկնակի չեմպիոն Կարեն Մնացականյանը` այս քաշային կարգում հաղթելով 2 մրցակիցների դուրս եկավ քառորդ եզրափակիչ, որտեղ զիջեց ֆրանսիացի Սեբաստիան Հիդալգոյին: Վերջինս, բարեբախտաբար, դուրս եկավ եզրափակիչ եւ դեռ ավելին` հաղթեց, ինչը հնարավորություն տվեց Մնացականյանին շարունակել պայքարը 3-րդ տեղի համար: Այստեղ Մնացականյանը հաղթեց իր իրանցի մրցակցին եւ տիրացավ օլիմպիական ուղեգրի:

74կգ քաշային կարգում Արսեն Ջուլֆալակյանը քառորդ եզրափակիչում զիջեց ուկրաինացի Վլադիմիր Խացկեւիչին, սակայն նրա մրցակիցը եւս դուրս եկավ եզրափակիչ եւ Արսենը պայքարը շարունակեց 3-րդ տեղի համար: Ջուլֆալակյանը վճռորոշ մրցամարտում հաղթեց Չեռնոգորիայի ներկայացուցիչ Գորան Բուլատովիչին եւ եւս մեկ ուղեգիր նվաճեց:

84կգ քաշային կարգում հանդես եկավ Դենիս Ֆորովը, որը եւս կարողացավ գրավել 3-րդ հորիզոնականը եւ դառնալ Պեկինի օլիմպիական խաղերի մասնակից:

Հայաստանի ներկայացուցիչները կատարեցին իրեն առջեւ դրված խնդիրը եւ օլիմպիական վարկանիշ ձեռք բերեցին: Մինչ այս ուղեգիր էին նվաճել նաեւ մեր 55 կգ, 60կգ եւ 120կգ քաշային ըմբիշները, ուստի նրանք այս մրցաշարին մասնակցելու իրավունք չունեին:

Այսպիսով` Հայաստանի հունա-հռոմեական ոճի հավաքականը 2008թ. օլիմպիական խաղերում մասնակիցներ կունենա 6 քաշային կարգերում, ինչը մեծ անակնկալ է եւ փայլուն արդյունք: Նույնիսկ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի ղեկավարները եւ հավաքականի մարզիչները նման բարձր արդյունք չէին սպասում: Ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Լյովա Վարդանյանը ամիսներ առաջ «Ա1+»-ի հետ զրույցում նշել էր հետեւյալը. «Հունա-հռոմեական ոճի ըմշիները արդեն 2 ուղեգիր են նվաճել Բաքվում կայացած աշխարհի առաջնությունում: Հույս ունենք եւս 2-3 ուղգերի կարժանանանք վարկանիշային բոլոր մրցաշարերի ավարտից հետո»:

Հ.Գ. Արդեն տեղեկացրել էինք, որ Հայաստանի հավաքականը մրցավայր մեկնելուց խնդիրներ էր ունեցել ճանապարհին: Բարեբախտաբար, մեր ըմբիշները հասցրել էին ժամանակին հասնել Նովի Սադ: