Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ՆԱԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՑ

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը այսօր 2-րդ պարտությունը կրեց Եվրոպայի առաջնության էլիտ-ռաունդի 7-րդ խմբի մրցաշարում, որը այս օրերին կայանում է Հայաստանում: Արմեն Գյուլբուդաղյանցի սաները Աբովյանի քաղաքային մարզադաշտում 0:1 հաշվով զիջեցին Ուկրաինային, որը առաջին տուրում 1:3 հաշվով պարտվել էր Իսպանիային:

Հայաստանի հավաքականի մարզչական շտաբը Թուրքիայի հետ կայացած նախորդ հանդիպման համեմատ որոշակի փոփոխություններ էր կատարել հիմնական կազմում, սակայն արդեն խաղասկզբից տարածաքային առավելությունը հյուրերի կողմն էր, որոնք բավական ակտիվ էին եւ անդադար գրոհում էին: Հաշիվը բացվեց 22-րդ րոպեին, երբ մրցակցի հարձակվողը, մեն-մենակ դուրս գալով Հայաստանի հավաքականի դարպասապահի դեմ, փորձեց շրջանցել նրան եւ այդ պահին գնդակը, դիպչելով Համիկ Բելգարյանի ոտքին, հայտնվեց դարպասում: Այս ինքնագոլի շնորհիվ ուկրաինացիները իրենց առաջին հաղթանակը տարան մրցաշարում:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը առաջին տուրում 1:2 հաշվով պարտվել էր Թուրքիային: Անկախ մայիսի 27-ին կայանալիք Հայաստան – Իսպանիա հանդիպման ելքից, մեր թիմը զրկվեց եզրափակչի ուղեգերից, որին կարժանանա խմբում առաջին հորիզոնականը գրաված ընտրանին: