«ԱՆՀԱՄԲԵՐՈՒԹՅԱՄԲ ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԽԱՂԻՆ»
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ազգային եւ երիտասարդական հավաքականի նախկին ֆուտբոլիստ Տիգրան Ղարաբաղցյանը, այս տարի հունվարին տեղափոխվելով Վառնայի «Չեռնո Մորե», հնարավորություն ունի իր առաջին տիտղոսը նվաճել նոր ակումբի կազմում: «Չեռնո Մորեն» դուրս է եկել Բուլղարիայի գավաթի խաղարկության եզրափակիչ, որտեղ մայիսի 14-ին կմրցի «Լիտեքսի» հետ:
«Մեր առաջիկա մրցակցին նախորդ շաբաթ Բուլղարիայի առաջնության շրջանակներում հաղթեցին 2:1 հաշվով», - ասաց Տիգրան Ղարաբաղցյանը եւ շարունակեց. «Այժմ անհամբերությամբ ենք սպասում եզրափակիչ խաղին, որին հասել ենք մեծ դժվարությամբ: Գավաթի խաղարկությանը ես մասնակել եմ քառորդ եզրափակչից սկսած, քանի որ մինչ այդ «Չեռնո Մորեում» չէի: Այստեղ գավաթային հանդիպումները բաղկացած են 1 հանդիպումից: Քառորդ եզրափակիչում 1:0 հաշվով հաղթեցինք «Պիրին» թիմին, ապա հյուրընկալվելիս 3:1 հաշվով պարտության մատնեցինք առաջին խմբում հանդես եկող «Կալիակրային» եւ հայտնվեցինք եզրափակիչում»:
Հանդիպումը կայանալու է Սոֆիայում, որտեղ ինչպես եւ Բուլղարիայի մյուս քաղաքներում մեծ թվով հայեր են բնակվում: Ղարաբաղցյանը հույս ունի, որ կստանա նաեւ հայրենակիցների աջակցությունը. «Մեր թիմը մեծ թվով երկրպագուներ ունի, որոնք պատրաստվում են ներկա գտնվել այս խաղին: Կարծում եմ` կլինեն նաեւ հայեր, որոնք հատկապես Սոֆիայում բավական շատ են: Եթե տեղեկանան, որ եզրափակիչին նաեւ հայ ֆուտբոլիստ է մասնակցում, թերեւս ներկա կգտնվեն խաղին»:
Ղարաբաղցյանը հույս ունի, որ եզրափակիչում ընդգրկված կլինի մեկնարկային կազմում. «Ներկայումս կարելի է ասել 90 տոկոսով եմ լավ մարզավիճակում: Բուլղարիայի առաջնության վերջին հանդիպումներում մեկնարկային կազմում էի եւ նույն «Լիտեքսի» դեմ խաղում շատ լավ եմ խաղացել` ստանալով ամենաբարձր գնահատականներից մեկը: Հուսով եմ` կմասնակցեմ նաեւ եզրափակիչին եւ կնպաստեմ իմ թիմի հաջողությանը»:
«Չեռնո Մորեն» մինչ այժմ գավաթին տիրացել է ընդամենը 1 անգամ, սակայն դա հեռավոր անցյալում էր: Ակումբի ղեկավարությունը առաջիկա խաղում հաղթելու դեպքում, թիմի ֆուտբոլիստներին խոշոր պարգեւատրություն է խոստացել. «Ընդահանրապես «Չեռնո Մորեում» պարգեւատրությունները բավական մեծ են: Այս ցուցանիշով թիմը նույնիսկ գերազանցում է չեմպիոն ԲԿՄԱ-ին: Կոնկրետ եզրափակիչում հաղթելու դեպքում մեր թիմի յուրաքանչյուր ֆուտբոլիստ 5 հազար եվրո պարգեւատրում կստանա»: