Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԳՈՀԱՐՅԱՆԸ ՀԵԹ-ՏՐԻԿԻ ՀԵՂԻՆԱԿ

Սպորտ

Հանգստյան օրերին Հայաստանի հավաքականի թեկնածուները այնքան էլ հաջող հանդես չեն եկել իրենց ակումբների կազմերում: Ռուսաստանի առաջնության ութերորդ տուրում մերձմոսկովյան «Խիմկին», հյուրընկալվելիս 2:2 հաշվով ավարտելով հանդիպումը, «Սատուրնի» հետ կրկին հայտնվեց վերջին հորիզոնականում: Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկու թիմը վեց միավոր է վաստակել:

Մոսկվայի «Լոկոմոտիվի» երիտասարդական թիմի կազմում բավական հաջող է հանդես գալիս Հովհաննես Գոհարյանը, ով «Լուչ Էներգիայի» հետ խաղում խփել է երեք գնդակ` դառնալով հեթ-տրիկի հեղինակ, իսկ երկաթուղայինները հաղթել են 4:2 հաշվով: Գոհարյանը երբեք հանդես չի եկել Հայաստանի հավաքականներում, թեեւ հավանական է, որ նա շուտով հանդես կգա Հայաստանի երիտասարդական հավաքականում:

Մոլդովայի առաջնության նախավերջին տուրում Արա Հակոբյանի «Զիբրուն» 0:0 հաշվով է ավարտել «Տիրասպոլի» հետ մրցավեճը: Հայ ֆուտբոլիստը մասնակցել է ողջ հանդիպմանը եւ դարպասը գրավելու մի քանի ռեալ հնարավորություն կորցրել: «Զիբրուի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Սեվիդովը հանդիպումից հետո դժգոհել է հայ հարձակվողի խաղից. «Հակոբյանը կորցրել է վստահությունը: Նրան նման փորձառու ֆուտբոլիստը վերջին խաղերում հիանալի հնարավորություններ է կորցնում, որոնք իրագործելու դեպքում մենք կհաղթեինք այդ հանդիպումներում»: Առաջնության ավարտին մնացել է մեկ տուր, սակայն անախ վերջին տուրի արդյունքներին «Զիբրուն» կգրավի հինգերորդ հորիզոնականը, իսկ չեմպիոնի կոչումը վադուց ապահովել էր «Շերիֆը»:

Դանիայի առաջնության 28-րդ տուրում Ռոբերտ Արզումանյանի «Ռանդերսը» հյուրընկալվելիս 2:3 հաշվով զիջել է «Էյսբերգին»: Արզումանյանը այս խաղում հերթական զգուշացումն է ստացել եւ բաց կթողնի հաջորդ մրցավեճը: Այս տուրից հետո «Ռանդերսը» 37 միավորով ընթանում է իններոդ հորիզոնականում:

Ռումինիայի առաջնության 33-րդ տուրում Տիմիշոարայի «Պոլիտեխնիկան» հերթական պարտությունն է կրել` այս անգամ հյուրընկալվելիս 1:2 հաշվով զիջելով «Չահլաուլին»: Քարամյան եղբայրներից հանդիպմանը մասնակցել է միայն Արմանը: Քարամյանների թիմը, անկախ վերջին տուրի արդյունքներից, կզբաղեցնի վեցերորդ հորիզոնականը:

Ուկրաինայի առաջնության 28-րդ տուրում Դոնեցկի «Մետալուրգը» Նիկոլայ Կոստովի գլխավորությամբ իր առաջին պարտությունն է կրել Ուկրաինայի առաջնությունում` հյուրընկալվելիս 0:2 հաշվով զիջելով «Վորսկլային»: Արարատ Առաքելյանը հանդիպմանը չի մասնակցել, թեեւ հայտավորված է եղել, իսկ Սամվել Մելքոնյանը, փոխարինման դուրս գալով ընդմիջմանը, ոչնչով աչքի չի ընկել: «Մետալուրգը» 30 միավորով գտնվում է 10-րդ հորիզոնականում: