Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲԱՑԱՀԱՅՏՎՈՒՄ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԵՎ ՎՐԱՑԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Մշակույթ

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպությունը երկու գիրք է հրատարակել Վրաստանում գտնվող հայկական մշակութային հուշարձանների եւ վիրահայության վերաբերյալ: «Կովկասյան թանգարանի հայկական հավաքածուն» աշխատության գաղափարը ծնվել է այն ժամանակ, երբ հեղինակ Սամվել Կարապետյանը առիթ է ունեցել Վրաստանի «Արմազի» թանգարանում տեսնելու հանրահայտ Կովկասյան թանգարանից այնտեղ փոխադրված եւ անմխիթար վիճակում գտնվող հայկական հուշակոթողները:

Պարզվում է, որ դրանք Հայաստանից այնտեղ են հայտնվել Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, հաղորդում է «Ա-Ինֆո» գործակալությունը:Սակայն պատերազմի ավարտից հետո 1919թ. Վրաստանի կառավարությունը ազգայնացրել է դրանք:

Թանգարանի հայկական նյութերի սրահում ներկայացված ցուցանմուշներն արդեն զուրկ են բացատրագրերից: 1993-1994 թթ. ցուցանմուշների վրա փլուզվեց թանգարանի բետոնածածկ տանիքը: Կոտրատվեցին մի շարք արձանագրություններ եւ խաչքարեր: 2004թ. կիսավեր թանգարանի ներսում եւ բակում թափված կոթողների զգալի մասն անհետացած էր, իսկ մյուսները փլվածքների եւ աղբի մեջ էին:

Նույն հեղինակի մյուս` «Հայերը Կախեթում» գրքում փաստական նյութի համալիր ուսումնասիրության հիման վրա ներկայացված է Կախեթի (Արեւելյան Վրաստան) հայկական գաղթավայրերի պատմությունը: Զգալի տեղ է հատկացված երկրամասում պահպանված հայկական պատմական հուշարձաններին:

Գրքում նշվում է նաեւ, թե ինչպես են այսօր վրացականացվում հայկական եկեղեցիները: