Պրեմիերա՝ «Cherchez la femme» կամ փնտրեք կնոջը (տեսանյութ)

Հոկտեմբերի 29-ին և 30-ին Փարիզի «Լա բոհեմ» թատերական միության հիմնադիր, գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր, դերասան Նարեկ Դուրյանի նոր ներկայացման պրեմիերան է, սիրային մի եռանկյունու մասին` «Շեր շե լա ֆամ»:

«Այսօր Բեքետի, Սարտրի ու Քամյուի դարը չէ: Այսօր թատրոնը թերապիայի դեր պիտի խաղա ու հայ հանդիսատեսն էլ բուլվարի կարիք ունի»,- համոզված է Նարեկ Դուրյանը, որի հետ հանդիպեցինք նրա «Շեր շե լա ֆամ» նոր ներկայացման պրեմիերայի փորձին:

«Բուլվար ասելով, շատերը հասկանում են փողոցային թատրոն, այնինչ այս ոճի թատրոնները, որոնց հիմքում «Դել արտեն» է` Գոլդոնիի ու Մոլյերի մեծ արվեստը, Փարիզի բուլվարների վրա էին գտնվում»,- բացատրեց ռեժիսորը:

Արվեստը տարբեր ժամանակաշրջանում տարբեր դեր ունի կատարելու: Օրինակ՝ պատերազմի ժամանակ մի ֆունկցիա ունի, ծանր տնտեսական կյանքի ժամանակ` մեկ այլ, մտավորականության թռիչքի դեպքում էլ՝ այլ, ասաց ռեժիսորը: Այսօր հանդիսատեսը, հատկապես հայ հանդիսատեսը՝ լավ կոմեդիայի մեծ կարիք ունի:

«Շեր շե լա ֆամ»-ը սիրային մի եռանկյունու պատմություն է, Ալդո Նիկոլայիի՝ «Սեր մինչ մահ» պիեսի հիմքով: Դերակատարներն են` Վարուժան Մանուկյանը, Թամարա Պետրոսյանն ու Նարեկ Դուրյանը, որը նաև բեմադրիչն է, երաժշտության ու պիեսի ադապտացման հեղինակը:

Իսկ թե ինչո՞ւ է Նարեկ Դուրյանը նորերը պատվիրելու փոխարեն ադապտացնում (տեղայնացնում) հին պիեսները, ռեժիսորը բացատրեց. այսօր Հայաստանում որևէ դրամատուրգ, համենայն դեպս իր տեղեկություններով, կոմեդիա չի գրում: «Կարգին հաղորդումն» ու նմանատիպ բաներն էլ, նրա բնորոշմամբ. «թեթև արտիլերիա են»: Ըստ Դուրյանի՝ դրանք «ստենդ ափի» նման բաներ են, մարդկանց տրամադրություն հաղորդելու համար, այլ հարց է, թե ինչքանով է այն հաջողվում: «Իմ ուզածն ու արածը իրական կոմեդիայի ժանրն է, որն ունի սկիզբ, ունի զարգացում և ունի վերջ»,- տեղեկացրեց ռեժիսորը:

Առանց պրոդյուսեր Քրիստինե Հովհաննիսյանի, որը հոգացել է ֆինանսական ու տեխնիկական ներդրումների հոգսը, ներկայացումն իրականություն չէր դառնա:

Մեր հարցին, թե. հաճախ թատրոնի մարդիկ անտերպրիզային (նախաձեռնողական,-խմբ.) ներկայացումները անվանում են շոու և կոմերցիա են, ո՞րն է կոմերցիոն ու ոչ կոմերցիոն թատրոնի սահմանագիծը, Նարեկ Դուրյանը պատասխանեց. «Մենք անտերպրիզային ներկայացումներ ենք խաղում: «Անտերպրիզ» ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է ձեռնարկել, որևէ նոր բան նախաձեռնել: Մեր փոքր անձնակազմը մի թատրոնի գործ է կատարում. ամեն հարց ինքներս ենք իրականացնում` կոստյումների ձևափոխումից սկսած, քանի որ պետական աշխատողների մեծ բանակ չունենք: Ինչ վերաբերում է կոմերցիային, դա քննադատների կողմից ամենաախմախ մոտեցումներից է: Սա ի՞նչ չափանիշներ են: Մարդ, որ պետական թատրոն է գնում, տոմս չի՞ գնում:

Գնում է, որ իրավունքի թույլտվություն ստանա: Ինչո՞ւ դա կոմերցիա չի, իսկ իմ կամ Վահրամ Սահակյանի ներկայացումը կոմերցիա է: Գուցե թատրոնի մարդկանց լեզուն չի՞ պտտվում այն ուղղակի հաջողված անվանել։ Շատ ծիծաղելի է»։