Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բանկերը պատկանում են օլիգարխներին» (տեսանյութ)

Տնտեսություն
1c1d96e7ed3adfdba142f3f546170b70

Բանկերի դերն ու դերակատարությունը մեր երկրում շատ ավելի ցածր է, քան այլ երկրներում: «Մեր բանկերը զարգանում են մեկուսի եւ գնացել են ինքնաբավ զարգացման ճանապարհով»,- այս կարծիքին է տնտեսագետ Բագրատ Ասատրյանը, որն այսօր «Ա1+»-ի հետ զրույցում վստահեցնում էր, թե սխալ է այն կարծիքը, որ բանկերը գերշահույթով են աշխատում:

Նա նշեց, որ վարկային ներդրումներն այսօր հասնում են ՀՆԱ-ի 30 տոկոսի, որը ցածր թիվ է եւ վարկեր-ՀՆԱ ցուցանիշով աշխարհի երկրների ցանկում Հայաստանը գտնվում է ամենացածր տեղերից մեկում:

Հայաստանի Կենտրոնական Բանկի դերակատարումն, ըստ նախկին նախագահի՝ շատ փոքր է մեր տնտեսության զարգացման մեջ: Ըստ նրա` ԿԲ-ի կողմից առեւտրային բանկերի վերաֆինանսավորման 8 տոկոսանոց դրույքաչափը բավականին բարձր է։

«ԿԲ-ն, ըստ իս, անում է այն, ինչ պետք է անի: Այլ հարց է` նման քաղաքականությունը արդյո՞ք բավարար է տնտեսական զարգացում ապահովելու համար»,- նշեց ԿԲ նախկին նախագահը։

Կան բազմաթիվ գործոններ, որոնք, ըստ նրա, խոչընդոտում են ԿԲ-ի գործունեությանը եւ ստիպում ոչ համարժեք վճիռներ կայացնել:

«Բերեք՝ մեկ միավոր, մեկ աստիճան բարելավեք դատական համակարգի որակը ու կտեսնեք, որ տոկոսադրույքների ուղղակի կարձանագրվի նվազում»,- առաջարկեց ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը:

Նա համոզված է` ԿԲ-ի կողմից տոկոսադրույքի քաղաքականության լիարժեք իրականացմանը հատկապես խոչընդոտում են տնտեսության մեջ առկա մեծ ստվերը եւ վարչաքաղաքական-տնտեսական համակարգի անկատարությունը: Ի դեպ` ըստ նրա, կա նաեւ ստվերային բանկային գործունեություն։

«Ես կարծում եմ, որ այսօր բանկերը շրջանցելու ճանապարհով իրականացվող ֆինանսավորման գործառույթների ծավալները հավասարազոր են պաշտոնական բանկային համակարգի միջոցով իրականացվող գործառույթների ծավալներին»,- նկատեց Բագրատ Ասատրյանը եւ ընդգծեց, որ ստվերային բանկային գործունեությունն օլիգարխների մենաշնորհ ։

«Այն անձինք, որոնց մենք օլիգարխներ ենք անվանում, նրանցից յուրաքանչյուրը բանկ ունի՝ ոչ պաշտոնական, եւ յուրաքանչյուրն ինքն է ֆինանսավորում իր հոսքերը»,- մեկնաբանեց ԿԲ նախկին նախագահը:

Տնտեսական-քաղաքական նման պայմաններում իրականացվող բանկային գործունեությունը Բագրատ Ասատրյանը նորմալ է համարում ու կարծում է, որ բանկերը գործում են խելամտության սահմաններում։

«Մեր քաղաքական համակարգն ապականված է` ամեն մեկը իր նեղ շահն է հետապնդում: Բանկերը գործում են այն ռիսկերի դաշտում, որոնք առկա են մեր երկրում եւ այս պայմաններում իրենց վճիռներն են կայացնում»,- ասաց Բագրատ Ասատրյանը:

Նա վստահեցնում է` «մեր բանկային համակարգը դեռ մի բան էլ ավելին է, քան կարող էր լինել իրականում»: Ըստ պարոն Ասատրյանի, բանկերի գործունեությունը կբարելավվի, իսկ վերաֆինանսավորման տոկսադրույքը կիջնի միայն հասարակական ճնշումների արդյունքում իրականացված բերափոխումներով: Իսկ այդ փոփոխությունների համար, Բագրատ Սարգսյանի համոզմամբ, առաջին հերթին քաղաքական կամք է հարկավոր: