Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Առավել քան երբևէ, Եվրոպական միությունը պետք է ձեռք ձեռքի տված աշխատի Հայաստանի և տարածաշրջանի հետ.Կոշտա (տեսանյութ)

Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի մամուլի հայտարարությունը Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպումից հետո.

Շնորհակալություն, վարչապետ Փաշինյան, հարգելի Նիկոլ, Երևանում մեզ ջերմորեն ընդունելու համար: Դուք և Ձեր թիմը բացառիկ աշխատանք եք կատարել՝ հյուրընկալելով Եվրոպական քաղաքական համայնքի այս գագաթնաժողովը, որը համախմբել է ավելի քան 40 առաջնորդների մեր ողջ մայրցամաքից:

Հարգելի Նիկոլ, այն փաստը, որ Հայաստանը հյուրընկալում է այս գագաթնաժողովը, այն փաստը, որ մենք բոլորս այսօր այստեղ ենք՝ երկրի որդեգրած խիզախ աշխարհաքաղաքական ուղու հզոր պատկերումն է: Մի ուղի, որով Հայաստանը և Եվրոպական միությունը քայլում են միասին: Դա է նաև պատճառը, որ վաղը մենք կանցկացնենք պատմության մեջ առաջին ԵՄ-Հայաստան գագաթնաժողովը:

Այսօրվա ԵՔՀ գագաթնաժողովն իրապես պատմական էր: Առաջին անգամ ԵՔՀ-ն հանդիպեց Հարավային Կովկասում: Եվ օրը սկսվեց նախագահ Ալիևի մասնակցությամբ՝ տեսակապի միջոցով. դա նշանակում է, որ այս գագաթնաժողովը հավերժ կհիշվի որպես Կովկասում խաղաղության գագաթնաժողով, որը հնարավոր դարձավ խիզախ քաղաքական ընտրության և համբերատար դիվանագիտական ջանքերի շնորհիվ:

Եվրոպայում խաղաղության այս պատմությունը, մի աշխարհում, որտեղ թվում է, թե գերակշռում են էսկալացիան և պատերազմը, մի բան է, որը պետք է տոնել: Գոյություն ունի գործելու եվրոպական ձև՝ բազմակողմանիության միջոցով, որի հիմքում ՄԱԿ-ի համակարգն է և միջազգային իրավունքի հանդեպ հարգանքը:

Ներկայիս աշխարհաքաղաքական համատեքստում ավելի ու ավելի պարզ է դառնում, որ մեր մայրցամաքին անհրաժեշտ է 360 աստիճանի տեսլական իր անվտանգության համար: Հանդիպումն այստեղ՝ Հայաստանում, Հարավային Կովկասում, Մերձավոր Արևելքին այսքան մոտ, սթափեցնող հիշեցում է այն մասին, որ պատերազմը Եվրոպայի հարևանությամբ ուղղակի ազդեցություն ունի մեր ընդհանուր անվտանգության, մեր էներգամատակարարման և մեր տնտեսության վրա:

Ահա թե ինչու, առավել քան երբևէ, Եվրոպական միությունը պետք է ձեռք ձեռքի տված աշխատի Հայաստանի և տարածաշրջանի հետ՝ հանուն խաղաղության և կայունության: Տևական խաղաղությունն ու կայունությունը պետք է խարսխված լինեն դիմակայուն ժողովրդավարական ինստիտուտների և հարևանների միջև ամուր տնտեսական կապերի վրա: Այդ իսկ պատճառով այսօրվա ԵՔՀ գագաթնաժողովը կենտրոնացած էր ժողովրդավարական գործընթացներին արտաքին միջամտության դեմ պայքարի, ինչպես նաև փոխկապակցվածության ուժի վրա՝ փոխշահավետ տնտեսական գործընկերություններ ստեղծելու նպատակով:

Միևնույն ժամանակ, մենք շարունակում ենք հետամուտ լինել Ուկրաինայում արդար և տևական խաղաղության հասնելու նպատակին: Այդ իսկ պատճառով Ուկրաինային աջակցությունը շարունակում է մնալ Եվրոպական քաղաքական համայնքի առանցքային ուշադրության կենտրոնում: Եվ սրանք էին իմ ուղերձները նախագահ Զելենսկուն այսօր.

- առաջին՝ Եվրոպական միությունը կլինի Ուկրաինայի կողքին այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է կայուն, արդար և տևական խաղաղության հասնելու համար՝ լիովին հարգելով Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը.

- երկրորդ՝ մենք պետք է առաջ մղենք Ուկրաինայի անդամակցության գործընթացը՝ հնարավորինս շուտ բացելով բանակցությունների առաջին փաթեթը:

Մեր մայրցամաքում խաղաղության և կայունության վերաբերյալ ցանկացած քննարկում պետք է ներառի մեր համախոհ գործընկերներին Եվրոպայից դուրս: Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի մասնակցությունն այսօրվա գագաթնաժողովին (առաջին անգամն է, որ մենք ոչ եվրոպացի հյուրի ենք հրավիրել ԵՔՀ գագաթնաժողովին) հետևաբար քաղաքականապես շատ նշանակալի է: Դա Եվրոպայի և Կանադայի միջև ամուր և աճող համագործակցության արտացոլումն է: Եվ հզոր հիշեցում այն մասին, որ սկզբունքների ու կանոնների վրա հիմնված միջազգային կարգը, բազմակողմանիությունը և ՄԱԿ-ի համակարգը հանդիսանում են ողջ աշխարհում լայնորեն տարածված նպատակներ:

Եզրափակելով նշեմ, որ այսօրվա գագաթնաժողովն այս տարածաշրջանում ցույց է տալիս, որ գործելու եվրոպական ձևը՝ դիվանագիտությունը, բազմակողմանիությունը և միջազգային իրավունքի հարգումը, տալիս են արդյունքներ, տալիս են խաղաղություն:

Ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել վարչապետ Փաշինյանին՝ Եվրոպական քաղաքական համայնքի այս գագաթնաժողովը հյուրընկալելու համար: Եվ դրանից զատ՝ Հայաստանը Եվրոպական միությանը մոտեցնելու պատմական հնարավորությունից օգտվելու համար:

Եվ վերջին խոսքս Իռլանդիայի վարչապետին՝ հարգելի Միհոլին, ասելու համար, թե որքան մեծ սպասումով եմ ակնկալում ԵՔՀ հաջորդ գագաթնաժողովն Իռլանդիայում: Վստահ եմ, որ այն կլինի նույնքան հաջողված, որքան այսօրվա հանդիպումն այստեղ՝ Երևանում:

 

Շնորհակալություն: