Գործարար կինը կարող է քաղաքականությամբ զբաղվել (տեսանյութ)
Գործարար Սիլվա Համբարձումյանը կարող է անդամակցել Հանրապետական կուսակցությանը, եթե իր հարցերին լուծում չտրվի:
«Ես քաղաքականության մեջ չկամ, բայց եթե այսպես շարունակվի, գուցե մտնեմ գուցե ոչ, ես ինքս կորոշեմ: Գուցե կուսակցություն բացեմ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց կին գործարարը` պատասխանելով հարցին, որ հնարավո՞ր է իր խնդիրների լուծման համար անդամակցի ՀՀԿ-ին։
Երկու անգամ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը ուժը կորցրած է ճանաչել գործարար կնոջը պատկանող «Սիփան-1» ընկերության «Լիճվազ-Թեյի» ոսկու հանքավայրի հանքարդյունաբերության լիցենզիան: Հանքը գտնվում է Սյունիքի մարզում։
2009-ին մարտին Վարչական դատարանը ընկերությանը զրկել էր լիզենզիայից,իսկ Վճռաբեկ դատարանը ապօրինի է ճանաչել նախարարի հրամանը:
«Նախարարը Վճռաբեկի որոշումից երկու ամիս անց, հոկտեմբերի 1-ին արձակել է երկրորդ հրամանը` նույն լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին: Նրանք նշում են, որ լիզենզիայի պայմանագիր չի կնքվել, իսկ մենք պնդում ենք, որ ժամկետ դեռ ունենք»,- ասաց ընկերության իրավաբան Կարեն Թունյանը:
Նրա խոսքերով, երբ Վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել «վերեւների ճնշման տակ» եւ որոշման կայացման օրը, ըստ իրավաբանի, նախարարն արդեն կանխակալ կարծիք է հայտնել։
«Այդ օրը պարոն նախարարը տվել էր հարցազրույց թերթերից մեկում եւ ասել, որ այդ հանքավայրը պետք է տրվի ուրիշին»,- հիշեցրեց Կարեն Թունյանը:
Փաստաբանը նշեց բազմաթիվ հանքեր, որոնց լիցենզիայի կնքման ժամկետը լրացել է, սակայն հետ չեն վերցնում: «Այդ հանքերը պատկանում են այս կամ այն պաշտոնյային»,- ավելացրեց Սիլվա Համբարձումյանը:
Սիլվա Համբարձումյանը զբաղվում է նաեւ առեւտրով: Նա ձեռք է բերել Երիցյաններին պատկանող հացի գործարանը: Պատրաստվում է ցորեն ներկրել իր գործարանի հացի արտադրության համար եւ հավաստիացնում է, որ հացը կվաճառի 30 տոկոս ցածր գնով:
Հարցին, թե ինչո՞ւ, օրինակ, շաքարավազ էլ չի ներկրում, տիկին Սիլվան պատասխանեց՝ իմ բիզնեսը գունավոր մետաղներն են։ Բայց խորհուրդ տվեց չօգտվել Հայաստանում վաճառվող շաքարավազից:
Նրա խոսքերով` շաքարավազը Հայաստանում շատ անորակ է եւ կարող է հիվանդության պատճառ դառնալ: «Ես իմ տան շաքարավազը բերում եմ Դուբայից` այն որակով է եւ շատ ցածր գին ունի»,- եզրափակեց Սիլվա Համբարձումյանը: