Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական Հասարակություն

Առաջարկում եմ բաժակ բարձրացնել Մակրոնի համար․ Փաշինյան

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից՝ ի պատիվ Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի, այսօր երեկոյան նախագահական նստավայրում տրվել է պետական ընթրիք:

Պետական ընթրիքից առաջ տեղի է ունեցել պետական պարգևների շնորհման արարողություն։ Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով, Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության միջև ավանդական բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման, երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման և խորացման գործում ներդրած անձնական նշանակալի ավանդի համար, Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը պարգևատրվել է Փառքի շքանշանով։ Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ էլ Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Պատվո լեգեոնի Մեծ Խաչ շքանշանով։ Այս պարգևը 1802 թվականին Նապոլեոն Բոնապարտի կողմից սահմանված Պատվո լեգեոնի բարձրագույն շքանշանն է։

Արարողակարգի համաձայն, երկու երկրների ղեկավարները հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով, անդրադարձել հայ-ֆրանսիական հարաբերություններին ու դրանց զարգացման հեռանկարներին:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի բաժակաճառը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի պատվին տրված պետական ընթրիքի ժամանակ

«Ֆրանսիայի Հանրապետության մեծարգո նախագահ,
Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ,
Ֆրանսիայի նախագահի պետական այցի պատվիրակության հարգելի անդամներ,
Հայաստանի Հանրապետության պետական իշխանության հարգելի ներկայացուցիչներ,

Այսօր մեզ համար շատ կարևոր և մեծ իրադարձություն է տեղի ունենում։ Մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ մեր երկրի ավանդական և հավատարիմ բարեկամ երկրի նախագահը, այդ թվում՝ անձնական բարեկամ և ընկեր է ինձ համար, և այսօրվա իրադարձությունը կրկնակի նշանակություն ունի։ Ես բազմաթիվ առիթներ եմ ունեցել ասելու, թե նախագահ Մակրոնն ինչպիսի մեծ ներդրում ունի Ֆրանսիա-Հայաստան հարաբերությունների ներկա մակարդակի համար, որը մենք կարձանագրենք Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության փաստաթղթի ընդունմամբ՝ որպես նախագահ Մակրոնի պետական այցի կարևոր արդյունք։

Բայց նաև ուզում եմ ընդգծել, որ այն հանգրվանը, որում մենք այսօր գտնվում ենք և որն այսօր ունի Հայաստանի Հանրապետության ժողովրդի աջակցությունը և որն ակնհայտ ճիշտ և զարգացման ճանապարհ է Հայաստանի Հանրապետության համար, երբ Հայաստանի Հանրապետությունն ի վերջո հաղթահարել է գոյատևման օրակարգը և մուտք է գործել զարգացման օրակարգի տրամաբանություն։ Մենք այսօր Իրական Հայաստանի գաղափարախոսության վրա հիմնված նոր տրամաբանությամբ, նոր գաղափարախոսությամբ, նոր ճարտարապետությամբ, նոր երկիր ենք կառուցում՝ հիմնվելով մեր լավագույն ավանդույթների և արժեքների վրա, ինչը, ի դեպ, կարծում եմ, այսօր ակնհայտ և տեսանելի դարձավ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի բացման արարողության ժամանակ, որտեղ մեր պատմությունը, մեր արժեքային համակարգն ընդգծված էր և գտնվում էր ամեն ինչի առանցքում։

Բայց ես ուզում եմ, որ մենք բոլորս առերեսվենք մի իրավիճակի հետ, որ այսօրվա մեր հանգրվանում նախագահ Մակրոնի դերը շրջադարձային է։ Այսօրվա մեր իրականության և տարածաշրջանային ռազմավարության ճարտարապետությունը, ըստ էության, ձևավորվել է 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման ժամանակ։ Գիտեք, այն մարդիկ, ովքեր ներկա չեն եղել այդ հանդիպման սենյակում, ամենայն հարգանքով, ես ներողություն եմ խնդրում, բայց չեմ կարող ասել, որ ամբողջությամբ իրապես և խորապես ճանաչում են նախագահ Մակրոնին, որովհետև այն, ինչ ես այդ օրը տեսել եմ, այդպիսի համոզմունք, այդպիսի նվիրվածություն, այդպիսի սկզբունքայնություն, այդպիսի հետևողականություն, այդպիսի համոզվածություն, այդպիսի աներերություն, այդպիսի վճռականություն, այդպիսի որոշում, որ պատմությունը պետք է կերտվի, ես չեմ կարդացել ոչ մի գրքում։ Եթե որևէ մեկն ինձ պատմեր այդ օրվա իրադարձությունները, ես չէի կարող հավատալ դրան։ Ես երեկ էլ նախագահ Մակրոնին առիթ ունեցել եմ ասելու, որ մինչև հիմա, երբ հետահայաց հիշում եմ այդ ամեն ինչը, դժվարությամբ եմ հավատում այն ամենին, ինչ տեսել եմ սեփական աչքերով, ինչ լսել եմ անձամբ։ Այսօր դահլիճում կան մարդիկ, ովքեր նույնպես ներկա են եղել, և նրանք կվկայեն այդ ամենի մասին։ Սա մի սյուն էր, որի վրա կառուցված է մեր այսօրվա իրականությունը, այսօրվա խաղաղությունը և այսօրվա հեռանկարը, որն ամեն օրվա հետ ավելի ու ավելի ենք սիրում։

Ակնհայտ է, որ նախագահ Մակրոնի դեմքով մենք գործ ունենք Ֆրանսիայի Հանրապետության պետական գործչի հետ, բայց այդ հանդիպումը և այդ օրվա իրադարձություններն ինձ համար միանշանակ և աներկբա են դարձնում, որ Էմանուել Մակրոնը նաև Հայաստանի Հանրապետության պետական գործիչ է։ Այն շքանշանը, որը շնորհվեց նախագահ Մակրոնին այսօր, ու եթե այդ որոշման մեջ կա քաղաքավարություն, դա ընդամենն այդ որոշման էության մի փոքր տոկոսն է արտահայտում։ Իրականում Հայաստանի Հանրապետությունն այդ բարձրագույն պարգևով իր գնահատանքն է արտահայտում այն շրջադարձային ծառայության համար, որ նախագահ Մակրոնը մատուցել է Հայաստանի Հանրապետությանը, Հայաստանի պետականությանը, անվտանգությանը, ինքնիշխանությանը և անկախությանը։

Դրանից առաջ՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ից առաջ, 2022 թվականի հոկտեմբերի 6-ից հետո, երբ թվում էր, թե Հայաստանի Հանրապետությունն այլևս չունի ոչ մի հույս և հենարան, և չկա մի ուժ և անհատ, որը կարող է մեր ձեռքը բռնել, մենք ամենադժվար պահին զգացինք և շոշափեցինք նախագահ Մակրոնի ձեռքը, և նա ամուր բռնեց մեր ձեռքից, մենք նրա ձեռքերից ամուր բռնեցինք, և այսօր մեր բազմաթիվ հաջողություններ՝ սկսած բանակաշինությունից, շարունակած մեր արտաքին հարաբերություններով, մեր ժողովրդավարական ձեռքբերումներով, տնտեսական հաջողություններով, որոնց մի մասը, ի դեպ, նաև կարձանագրվեն նախագահ Մակրոնի պետական այցի արդյունքներով, նրա անձնական ներդրման արտահայտությունն են, հենց հատկապես՝ նրա անձնական ներդրման արտահայտությունը։ Ութ տարի Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը զբաղեցնելով՝ ես չեմ հիշում մի դեպք, երբ Հայաստանի Հանրապետության պետական շահերին առնչվող որևէ մտահոգություն, հարց կիսած լինեմ նախագահ Մակրոնի հետ և հնարավորինս ամենաարագ և առարկայական և կոնկրետ ձևով ստացած չլինեմ նրա արձագանքը, նրա պատասխանը, որն արտահայտվել է կոնկրետ, շոշափելի, ստուգելի, տեսանելի որոշումներով և քայլերով։

Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ,
Հարգելի ներկաներ,

Ես առաջարկում եմ, որ մենք բաժակ բարձրացնենք Ֆրանսիայի Հանրապետության նախագահ, Ֆրանսիայի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության պետական գործիչ, Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի մեծ բարեկամ, եղբայր և հարազատ Էմանուել Մակրոնի համար։

Պարոն նախագահ, Ձեր կենացը»։

Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի բաժակաճառը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Ֆրանսիայի նախագահի պատվին տրված պետական ընթրիքի ժամանակ

«Պարոն նախագահ
Պարոն վարչապետ,
Ազգային ժողովի նախագահ,
Տիկնայք և պարոնայք նախարարներ,
Տիկնայք և պարոնայք պատգամավորներ,
Տիկնայք և պարոնայք դեսպաններ,
Տիկնայք և պարոնայք՝ խորհրդականներ,
Սիրելի բարեկամներ,

Շնորհակալություն։ Նախ՝ շնորհակալություն հենց նոր հնչեցրած Ձեր խոսքերի համար, պարոն վարչապետ՝ թանկագին Նիկոլ։ Դրանք ինձ խորապես հուզեցին։ Եվ այն, ինչ Դուք հիշեցիք՝ այդ հիշողությունները, իսկապես 2022 թվականի աշնանից, ես ոչինչ չեմ մոռացել այդ գիշերից։ Պատերազմի սկզբից ընդամենը երկու տարի էր անցել։ Իրավիճակը շատ անկայուն էր, և Դուք ցուցաբերեցիք մեծ խիզախություն, քանի որ որոշում էիք կայացնում Ձեր երկրի համար։

Բայց ուզում եմ մի պարզ բան ասել։ Նախ՝ Ֆրանսիան այդպիսի պահերին, իմ համոզմամբ, կատարել է իր պարտքը։ Ճիշտ է, Եվրոպայում կամ այլուր շատերի համար տարօրինակ էր, թե ինչու ենք մենք անվերապահորեն աջակցում Հայաստանին։ Ի դեպ, ձեզ հանգստացնելու համար նշեմ, որ այն հանդիպումից հետո, որին վարչապետն անդրադարձավ, ես գրեթե դուրս էի մնում հետագա բոլոր հանդիպումներից, մինչև որ հակամարտությունը կարգավորվեց նախագահ Ալիևի հետ։ Այժմ իրավիճակը կարգավորվել է և, բարեբախտաբար, հանդարտվել է։ Բայց եթե մենք այդ ժամանակ ձեր կողքին էինք՝ այս ամենը ասելու համար, ապա դա այն պատճառով էր, որ դա արդար էր։ Դա արդար էր։ Եվ պատմության ընթացքում ձեր երկրի, ձեր ժողովրդի մղած պայքարը միշտ եղել է արդար պայքար՝ ցեղասպանության դեմ, ներխուժումների դեմ, և այդ դժվար պահերին՝ ձեր տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության դեմ ուղղված սպառնալիքների դեմ։

Խաղաղության այն պատկերացումը, որ մենք ունենք մեզ համար, կայանում է այն բանում, որ լինենք այդ արդար պայքարների կողքին, որտեղ պաշտպանվում է միջազգային կարգը։ Նույնիսկ այն դեպքում, երբ դա տվյալ պահին չի բխում մեր շահերից, նույնիսկ, երբ հաշվարկային մոտեցումները կթելադրեին աչք փակել և այլ կողմ նայել, նույնիսկ, երբ շատերը հաշվարկում էին գազի խորանարդ մետրերը կամ այլ ուժերի հետ ավելի շահավետ պայմանագրերից բխող շահերը։

Եվ Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, երբեք չեն դավաճանել, լինել այն ժողովրդի կողքին, որը երբեք չի դավաճանել իրեն, և կանգնել արդար պայքարի կողքին։

Մեր պատմությունը գալիս է շատ հեռվից։ Այս դահլիճում կան կանայք և տղամարդիկ, որոնց ընտանեկան պատմությունը կապված է մեր երկու երկրների հարաբերությունների հետ․ ոմանք գաղթել են մի քանի սերունդ առաջ, մյուսները՝ իրենց կյանքի ընթացքում, իսկ ոմանք էլ պարզապես բացահայտել են Հայաստանը և սիրել այն՝ առանց արմատներ ունենալու։ Որովհետև մեր երկու երկրների, մեր երկու ժողովուրդների, մեր երկու քաղաքակրթությունների միջև կա մի բան, որը հենց սա է ասում։ Ինչո՞ւ ֆրանսիացի մտավորականները սիրեցին Հայաստանը։ Շատերը երբեք ոտք չէին դրել այստեղ։ Որովհետև նրանց համար անտանելի էր, որ այս երկիրը տարուբերվի մի կայսրությունից մյուսը։ Ինչո՞ւ ֆրանսիական նավատորմը եկավ այստեղ՝ ոչ թե տեսնելու կամ դատապարտելու, այլև փրկելու, որովհետև նրանք կարծում էիր, որ սա այն արդար պայքարն է, որն իրեն հանձնարարել է ֆրանսիական ժողովուրդը։ Ինչո՞ւ այդ տարիներին մենք ընդունեցինք այսքան մարդկանց, և ինչո՞ւ նրանցից շատերը հետո պայքարեցին Ֆրանսիայի համար։ Եվ մենք մեծ պատիվ ունեցանք, և դուք էլ մեր կողքին էիք, Պանթեոնում արժանի տեղ տալու Միսաք Մանուշյանին և Մելինեին, որոնք իրենցով մարմնավորում են այն, ինչ հայերն են տվել Ֆրանսիային։

Սա միշտ նույն պատմությունն է։ Երբ պայքարն արդար է, մենք այնտեղ ենք՝ միմյանց կողքին։ Երբ խոսքը վերաբերում է մեզ, համամարդկայինին, այն արժեքներին, որոնք մենք կրում ենք, մենք այնտեղ ենք՝ միմյանց կողքին։ Եվ մենք ճանաչում ենք միմյանց։ Ես մեծ պատիվ եմ համարում այսօր ստացած պարգևները և ուզում եմ պարզապես ասել, որ դրանք այս պատմության մի կարևոր հանգրվան են, որը մեզ պարտավորեցնում է։ Որովհետև դա դուք էիք, որովհետև դա մենք էինք։ Հայաստանի և Ֆրանսիայի միջև կապը հենց սա է։

Ահա թե ինչու ձեր կատարած ընտրությունը՝ լիակատար անկախության, խաղաղության, այս անկայուն տարածաշրջանում կայունության, Եվրոպայի և բարգավաճման ընտրությունը, այն ընտրություններն են, որոնց մենք աջակցում ենք։ Որովհետև մենք դրանք ևս մեկ անգամ արդար ենք համարում, որովհետև դրանք լավ ենք համարում ձեր երկրի համար, որովհետև կարծում ենք, որ դրանք համապատասխանում են պահի պահանջներին, այն աշխարհաքաղաքական և ռազմավարական համահունչությանը, որն անհրաժեշտ է Հայաստանին և Եվրոպային։ Եվ որովհետև մենք ցանկանում ենք լինել այդ ճանապարհի մի մասը։

Վաղը ստորագրվելիք ռազմավարական գործընկերության համաձայնագիրը վերջին տարիներին ձեր կողքին մեր կատարած պաշտպանական ջանքերի արդյունքն է, քանի որ երբեք մեր հարաբերություններն այս մակարդակի չեն եղել։ Այն կբացի նոր տնտեսական էջեր մեր երկրների միջև, կամրապնդի կրթական, լեզվական և մշակութային կապերը։ Եվ շատերը, ովքեր այստեղ են, դեռ կշարունակեն գրել այդ պատմությունը։

Բայց թույլ տվեք ասել, պարոն վարչապետ, պարոն նախագահ, թե որքան մեզ համար այն, ինչ դուք անվանում եք Իրական Հայաստան, անբաժանելի է երազած Հայաստանից, որովհետև շատերն ամեն օր այն երազում են։ Դուք ընտրել եք Եվրոպայում գտնվող, խաղաղ և բարգավաճ Հայաստան։ Եվ հենց այդ Հայաստանն է՝ իր բոլոր երանգներով, մեր ընդհանուր պատմությունը կրող Հայաստանը, որը մենք սիրում ենք և ամբողջությամբ ընդունում։ Որովհետև Եվրոպայի մյուս ծայրում, օվկիանոսի կողմում, երբեք մի մոռացեք, որ կան մարդիկ, ովքեր սիրում են ձեր երկիրը և ձեր ժողովրդին և միշտ նայում են նրան որպես կրտսեր քույր, որը մեզ շատ բան է տվել և որի կողքին մենք միշտ կլինենք։ Մենք միմյանց ձեռք ենք մեկնում։ Սա ձեր ընտրած եվրոպական ապագան է։

Ուրեմն թույլ տվեք այս երեկո շնորհակալություն հայտնել Ձեզ՝ վերջին տարիներին Ձեր ցուցաբերած խիզախության համար՝ ձեր երկիրը այս տարածաշրջանում առաջնորդելու որպես խաղաղության և պատասխանատվության երկիր։ Խաղաղություն ցանկանալը, երբ քեզ վրա հարձակվում են, մեծ խիզախություն և համարձակություն է պահանջում։ Եվ որպես երկիր, որն ընտրել է Եվրոպան։ Այժմ Եվրոպայի հերթն է ցույց տալու, որ այն համապատասխանում է այդ ընտրությանը։

Թույլ տվեք իմ հերթին բաժակ բարձրացնել ձեր երկրի, մեր դարավոր բարեկամական կապերի, և Ձեր՝ պարոն նախագահ, պարոն վարչապետ, ինչպես նաև մեզ միավորող բարեկամության համար»։