«Ինձ նախագծել, կառուցել է այս մթնոլորտը, Երևան քաղաքը»․ Դավիթ Մուրադյանի ճանապարհը գրականության, կինոյի և հիշողության միջով
Աջակցիր «Ա1+»-ինԳրող, արձակագիր, թատերագիր, կինոգետ, սցենարիստ, հրապարակախոս, մանկավարժ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալակիր Դավիթ Մուրադյանի ստեղծագործական կենսագրությունը դժվար է տեղավորել մեկ մասնագիտության սահմաններում։ Գրականություն, կինո, թատրոն, հեռուստատեսություն, դասավանդում՝ նրա կյանքում այս ոլորտները ոչ թե հաջորդել են միմյանց, այլ մշտապես հատվել ու լրացրել իրար։ Իսկ կյանքի վերջին տարիներին նա նաև գեղանկարչության փորձեր էր անում։
Դավիթ Մուրադյանի ձևավորման սկիզբը եղել է Երևանը՝ դերասանների, պարողների, գրողների, թատրոնի ու կինոյի մարդկանցով շրջապատված մանկությունը։
«Ինձ «նախագծել, կառուցել» է այս մթնոլորտը, Երևան քաղաքը, Սուսաննա Բաբայանի գրական խմբակը՝ Պիոներ պալատ, 60-ականներ»,- տարիներ անց գրել էր Դավիթ Մուրադյանն իր ինքնակենսագրականում։
Նա ծնվել էր 1951 թվականի դեկտեմբերի 12-ին Երևանում՝ ստեղծագործողների ընտանիքում։ Հայրը՝ Էդվարդ Մուրադյանը, դերասան էր։ Ծնունդով Խարբերդից էր, 1918 թվականից ապրել էր Հալեպում, իսկ 1925-ին ներգաղթել Հայաստան։ Աշխատել էր թատրոնում, հետագայում երկար տարիներ դասավանդել գեղարվեստաթատերական ինստիտուտում։
Մայրը՝ Հայկանուշ Ասատրյանը (հետագայում Մուրադյան), Երևանի օպերային թատրոնի բալետային խմբի հիմնադիր կազմի պարուհիներից էր։ Քույրը՝ Իվետտա Մուրադյանը, նույնպես ընտրել էր բալետը։
Այդ երկու ընտանեկան գծերը՝ հոր Խարբերդն ու մոր Երևանը, հետագայում դառնալու էին նաև Դավիթ Մուրադյանի գրական աշխարհի երկու առանցքները։ Իր կենսագրական գրառումներից մեկում նա դրանք չափազանց հակիրճ է ձևակերպել՝ «հարազատ քաղաք և Հին Երկրի հուշ»։
Երևանը նրա համար միայն ծննդավայր չէր։ Այն հիշողություն էր, մարդկանց ձայներ, փողոցներ ու հարաբերություններ, մշակութային մի միջավայր, որը նրա հետ մնաց ամբողջ ստեղծագործական ճանապարհին։ Իսկ «Հին Երկրի հուշը» ընտանեկան պատմության միջոցով կապում էր նրան այն աշխարհին, որն անձամբ չէր ապրել, բայց որը փոխանցվել էր հիշողությամբ։
Դերասան դառնալու փոխարեն՝ գրող
Դավիթ Մուրադյանի մանկությունը բառացիորեն անցել է բեմի մոտ, ու երբեմն նաև բեմում։
«Երեխա ժամանակ համոզված էի, որ դերասան եմ դառնալու»,- գրել է նա։
1959 թվականին նա խաղացել է Վիլեն Զաքարյանի «Փոքրիկ ջութակահարը» հեռուստաֆիլմ-ներկայացման մեջ։ Նկարահանված ժապավենը չի պահպանվել, բայց Մուրադյանի հիշողության մեջ մնացել էին այն մարդիկ, որոնց հետ, որպես երեխա այդ ժամանակ աշխատում ու շփվում էր՝ երիտասարդ Արմեն Ջիգարխանյանը, Սոս Սարգսյանը, Մարգո Մուրադյանը և ուրիշներ։
Մինչև 15-16 տարեկանը նրան հրավիրում էին նաև ռադիո՝ տարբեր բեմադրություններ ձայնագրելու։ Այդ տարիները նա հետագայում անվանել է «ճակատագրի պարգև», որովհետև հնարավորություն էր ունեցել մոտիկից տեսնելու և լսելու Ցոլակ Ամերիկյանին, Գուրգեն Ջանիբեկյանին, Արման Կոթիկյանին, Բաբկեն Ներսիսյանին, Մետաքսյա Սիմոնյանին, Վարդուհի Վարդերեսյանին, Էդգար Էլբակյանին և բազմաթիվ ուրիշների։
Ինքնակենսագրականում կա նաև գրեթե կինոսցենարի նման մի դրվագ։ Փոքր տարիքում նա գնացել էր «Վարդանանք» ներկայացումը դիտելու։ Արդյունքում փոքրիկ Դավիթը ոչ թե պարզապես հայտնվեց դահլիճում, այլ՝ դիմահարդարման սենյակում։ Պարզվել էր, որ երկրորդ գործողության համար երեխա դերասան էր անհրաժեշտ, և Վարդան Աճեմյանը նրան առաջարկել էր Վասակ Սյունու տղայի դերը։
Տեքստը բացատրել էին տեղում։ Բեմում նրա կողքին եղել էր Գուրգեն Ջանիբեկյանը։
«Մտանք բեմ ու խաղացինք առանց դույզն իսկ սայթակելու։ Զարմանալի բան էր, վախ չունեի։ Հիմա, ամեն դասախոսությունից առաջ, անհանգիստ եմ»,- հիշում էր Մուրադյանը տասնամյակներ անց։
Այնուամենայնիվ, դերասանի ճանապարհը նրան չտարավ։
«Դերասան չդարձա։ 14-15-ից արդեն ինձ գրող էի պատկերացնում»։
1969 թվականին «Պիոներ» ամսագրում տպագրվեց նրա առաջին գրական գործերից մեկը։ 1973-ին ավարտեց Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, իսկ 1976-ին լույս տեսավ առաջին գիրքը՝ «Ուզում եմ քեզ պատմել»։
Առաջին գրքի ճանապարհն էլ հեշտ չէր։ Մուրադյանը հիշում էր, որ ձեռագիրը հինգ տարի «պլանից պլան էր քոչում» պետական հրատարակչությունում։ Բայց հրատարակվեց։ Եվ գրականությունը, նույնիսկ երբ նրա աշխատանքային կենսագրության մեջ ավելի մեծ տեղ էր զբաղեցնում կինոն, այլևս չհեռացավ։
«Հայֆիլմը»՝ այն տեղը, որտեղ իրեն օրգանական էր զգում
Մինչև կինոստուդիա հասնելը Դավիթ Մուրադյանն աշխատել էր Հայաստանի ռադիոյի գրական խմբագրությունում, «Հայաստանի աշխատավորուհի» ամսագրում և գրական ոլորտի այլ կառույցներում։
1977 թվականին նրա մասնագիտական կենսագրության մեջ սկսվեց «Հայֆիլմի» երկար շրջանը։
Իր ինքնակենսագրության մեջ նա այդ միջավայրի մասին գրել է առանձնահատուկ ջերմությամբ.
««Հայֆիլմը» Երևանի հենց այն տեղն էր, ուր ավելի օրգանական էի զգում ինձ»։
Այստեղ նրա աշխատանքը կապված էր սցենարական կոլեգիայի, ֆիլմերի խմբագրման և ստեղծագործական գործընթացների հետ։ Տարբեր տարիներին նա խմբագրել է մոտ երկու տասնյակ լիամետրաժ և կարճամետրաժ ֆիլմեր։
«Հայֆիլմը» նրա համար միայն աշխատանքի վայր չէր։ Այն նաև կրթություն էր, մասնագիտական կապեր, հայկական և խորհրդային կինոյի ներսից ճանաչողություն։
«Եթե ուսանողներիս այսօր պատմելու բան ունեմ, նաև դրա շնորհիվ է»,- գրել է նա։
Դավիթ Մուրադյանը հեղինակել է խաղարկային և վավերագրական ֆիլմերի սցենարներ։ Դրանցից են «Սիրո փոքրիկ պատմություն» կարճամետրաժ ֆիլմը, «Իմ Կոմիտասը» վավերագրական ֆիլմի՝ Ա. Վաթյանի հետ գրված սցենարը, «Սպանվողն է մեղավոր» վավերագրական ֆիլմը և այլ աշխատանքներ։
Կինոյի մասին նա ոչ միայն գրել է, այլև տասնամյակներ շարունակ խոսել հեռուստատեսությամբ։
1987 թվականից վարել է «Մեկ ու կես ժամ կինոյի մասին», «Տասներորդ մուսա», «Իրիկնային զրույցներ», «Հայկական էկրան» և այլ հեղինակային հաղորդումներ։
Այդ հաղորդումների շնորհիվ այսօր հայկական մշակութային հիշողության մեջ կարող էին պահպանված լինել տասնյակ կարևոր զրույցներ։ Սակայն դրանց մեծ մասը, ինչպես ինքն է ցավով արձանագրել, չի պահպանվել։
«Ցավում եմ, որ դրանց մեծ մասը անհետ կորել է և չի դարձել մեր կինոյի պատմության արձանագրված մասնիկ»։
Իսկ զրուցակիցների ցանկն ինքնին մի ամբողջ ժամանակաշրջանի քարտեզ է՝ Սերգեյ Փարաջանով, Արմեն Ջիգարխանյան, Ռոման Բալայան, Օլեգ Յանկովսկի, Բագրատ Հովհաննիսյան, Ալբերտ Մկրտչյան, Սոս Սարգսյան, Ֆրունզե Դովլաթյան, Աղասի Այվազյան և շատ ուրիշներ։
1993 թվականին Դավիթ Մուրադյանն ընտրվել է ԱՊՀ երկրների «Նիկա» կինոակադեմիայի անդամ։ Հայկական կինոն ներկայացրել է նաև միջազգային հարթակներում, այդ թվում՝ Վիսբադենի կինոփառատոնում։
«Մի գեղեցիկ բան կա, որ չեմ կարող շրջանցել»
Դավիթ Մուրադյանի հիշողության ամենակարևոր դրվագներից մեկն առնչվում էր Վիլյամ Սարոյանին։
«Մի գեղեցիկ բան կա, որ չեմ կարող շրջանցել։ Շփումը Վիլյամ Սարոյանի հետ 1976-ին»,- գրել է նա։
Սարոյանի Հայաստան այցելության ժամանակ արված ձայնագրությունների հիման վրա Մուրադյանը պատրաստել էր «Սարոյանը Սարոյանի մասին» նյութը, որը 1977 թվականին տպագրվում է «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագրում։
Հայերեն տարբերակի պատմությունը ևս բնորոշ է ժամանակին. նրա վկայությամբ՝ մի օրինակը կորել էր «Գարուն» ամսագրի խմբագրությունում՝ տեղափոխության ժամանակ, մյուսը մնացել էր Վարդգես Պետրոսյանի մոտ։
Սարոյանի հետ այդ հանդիպումը Մուրադյանի կենսագրության մեջ պատահական դրվագ չէր։ Տարբեր տարիներին նրա ճանապարհը խաչվել է բազմաթիվ գրողների, ռեժիսորների, դերասանների հետ։ Այդ մարդկանց մասին խոսելիս նրա ինքնակենսագրականն այլևս պաշտոնական կենսագրություն չէ, այլ անձնական հիշողությունների գիրք։
«Նրանցից մի քանիսը ներհյուսվել են իմ կյանքի մեջ»,- գրում էր նա՝ հիշատակելով գրող Լեոնիդ Զորինին, Յուրի Տուլիկին, գրող ու նկարիչ Յուրի Կովալին, ուկրաինացի դրամատուրգ Յարոսլավ Ստելմախին, լատվիացի պոետ Մարիս Չակլայսին և ուրիշների։
Եվ այդ շարքն ավարտում էր պարզ խոստովանությամբ.
«Այս մարդկանց կարոտում եմ»։
Գրականությունը՝ Երևանից մինչև «Հին Երկիր»
Դավիթ Մուրադյանի ստեղծագործական ժառանգությունն ընդգրկում է արձակ, դրամատուրգիա, էսսեագրություն, կինոգիտական և հրապարակախոսական աշխատանքներ։
Նրա գրքերից են «Ուզում եմ քեզ պատմել», «Հրաժեշտ», «Գնացքներ և կայարաններ», «Մեր հին դաշնամուրը», «Ժառանգության իրավունք», «Սպասասրահի նվագախումբը», «Երազների մեկնություն» և այլ ժողովածուներ։
Նրա ստեղծագործությունները տպագրվել են Հայաստանում և Սփյուռքում, տարբեր երկրներում, ինչպես նաև թարգմանվել մի շարք լեզուներով։ Պիեսները բեմադրվել են Հայաստանում և արտերկրում, հնչել ռադիոյով և ներկայացվել հեռուստատեսությամբ։
Դավիթ Մուրադյանի արձակում հաճախ վերադարձող թեմաներից մեկը մտավորականի ճակատագիրն է։ Իր ինքնակենսագրականը գրելու պահին՝ 1996 թվականին, 46 տարեկանում, նա իր արածի մասին խոսում էր ընդգծված ինքնաքննադատությամբ.
«Կյանքի կեսից ավելին ապրած է, արածը մի բան չի»։
Եվ անմիջապես շարունակում էր՝ հույս հայտնելով, որ ժամանակ կունենա շարունակելու «Հրաժեշտի» թեման՝ «մտավորականի, ավելի ճիշտ՝ ինտելիգենտի ճակատագիրը»։
Այս մի քանի տողում տեսանելի է նաև Դ․ Մուրադյանի վերաբերմունքը սեփական կենսագրության նկատմամբ։ Նույնիսկ արդեն տպագրված գրքերից, ֆիլմերից, հաղորդումներից ու մասնագիտական ճանապարհից հետո նա իր արածին նայում էր ոչ թե որպես ավարտված վաստակի, այլ որպես դեռ շարունակելի աշխատանքի։
Գրքերն ու կրթությունը՝ նույն լուսավորչական աշխատանքի մաս
Դավիթ Մուրադյանի կենսագրության մյուս կարևոր գիծը մանկավարժությունն էր։
Դասավանդել սկսել է 1986 թվականին։ Հետագայում երկար տարիներ աշխատել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, ղեկավարել կինոգիտական դասընթացներ, դասավանդել ապագա կինոգետներին և արվեստագետներին։
Իր ուսանողների մասին գրել է իրեն բնորոշ ինքնահեգնանքով.
«Լավ ուսանողներ եմ ունեցել և ունեմ։ Ուրախ կլինեմ, եթե իմ դասերը չխանգարեն նրանց, որ մտավորական ու կինոգետ դառնան»։
2014-2019 թվականներին Դավիթ Մուրադյանը եղել է Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորը, իսկ ռեկտորի պաշտոնից հետո շարունակել է իր մանկավարժական գործունեությունը որպես պրոֆեսոր։
Լուսավորչական աշխատանքը, սակայն, շատ ավելի վաղ էր սկսել։
1970-1980-ական թվականներին հեղինակել է պատանիներին հասցեագրված «Ձեր սիրելի գրքերը» և «Գրական հերոսների աշխարհում» ռադիոհաղորդումները։ Իր համար դրանք առանձնահատուկ կարևորություն ունեին։
Նա հույս ուներ, որ հաղորդումները կատարել էին իրենց «լուսավորչական դերը»՝ աշակերտներին «կապել լավ գրքերի, գրականության հետ»։
Գրական և պետական գործունեություն
Դավիթ Մուրադյանը 1984 թվականից Հայաստանի գրողների միության անդամ էր։ 1994-1996 թվականներին եղել է ՀԳՄ վարչության քարտուղար, իսկ 2001 թվականին կրկին ընտրվել այդ պաշտոնում և աշխատել մինչև 2008 թվականը։ Նույն 1984 թվականից նաև Հայաստանի ժուռնալիստների միության անդամ է, 1985 թվականից՝ կինեմատոգրաֆիստների միության անդամ։
Մասնակցել է միջազգային գրական և մշակութային ծրագրերի։ 2000 թվականին «Գրական ճեպընթաց» միջազգային ծրագրի շրջանակում եվրոպացի գրողների հետ ճանապարհորդել է Եվրոպայով։ Հետագայում դարձել է «Գրական տապան» ծրագրի նախաձեռնողներից և հեղինակներից՝ Հայաստան հրավիրելով տարբեր երկրների գրողների և ստեղծելով մշակութային փոխանակման նոր հարթակ։
2008-2010 թվականներին զբաղեցրել է ՀՀ Մշակույթի նախարարի տեղակալի պաշտոնը, այնուհետև վերադարձել ստեղծագործական և մանկավարժական գործունեությանը։
2011 թվականին Դավիթ Մուրադյանին շնորհվել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչում, իսկ 2017 թվականին նա պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով՝ ստեղծագործող սերնդի կրթության և կինոարվեստի զարգացման գործում ներդրած ավանդի համար։
Նրա մասնագիտական պարգևների թվում են նաև Հայաստանի գրողների միության Լևոն Շանթի անվան «Տարվա լավագույն պիես» մրցանակը՝ «Մեր հին դաշնամուրը» պիեսի համար, «Ոսկե գրիչ», «Արտավազդ» մրցանակները և Երևանի քաղաքապետի ոսկե մեդալը։
Մարդը՝ սեփական կենսագրության ետևում
Պաշտոնական կենսագրության մեջ հնարավոր է թվարկել գրքերը, ֆիլմերը, պաշտոններն ու մրցանակները։ Դավիթ Մուրադյանի սեփական գրառումներն, սակայն, մեկ այլ բան են ցույց տալիս։
Այստեղ մարդն ավելի հաճախ հիշում է ոչ թե իր պաշտոնը, այլ իրեն հանդիպած մարդկանց։ Ոչ թե մրցանակը, այլ կորած ձայնագրությունը։ Ոչ թե ռեկտոր կամ կինոստուդիայի ղեկավար լինելը, այլ այն, թե ինչ կարող է պատմել ուսանողներին։ Ոչ թե իր առաջին գրքի հաջողությունը, այլ այն, որ ձեռագիրը տարիներով հրատարակչությունում էր մնացել։
Նրա հիշողության աշխարհում կողք կողքի են Խարբերդն ու Երևանը, Սարոյանն ու Փարաջանովը, մանկության տարիներն ու «Հայֆիլմը», գրականությունն ու հեռուստատեսությունն ու ռադոիաշխարհը։
Եվ գուցե այդ ամբողջ երկար ճանապարհի համար ամենաճշգրիտ բանաձևը հենց ինքն է տվել դեռ տարիներ առաջ՝ բացատրելով, թե որտեղից են գալիս իր գրքերը.
«Հարազատ քաղաք և Հին Երկրի հուշ»։
Այդ երկու աշխարհների՝ ապրած քաղաքի ու ժառանգված հիշողության միջև է ձևավորվել Դավիթ Մուրադյանի գրական և մշակութային կենսագրությունը։ Իսկ դրանց կողքին միշտ եղել է երրորդը՝ մարդկանց աշխարհը. նրանք, որոնց հանդիպել է, որոնց մասին գրել է, որոնց ձայնը փորձել է պահպանել և այն սերունդները, որոնց փոխանցել է իր իմացածը։
Դավիթ Մուրադյանի թողած ժառանգությունն ու ազդեցությունը անմար կպահի նրա անունը, համոզված են նրա նախկին ուսանողները, նրա գրչակից ընկերներն ու հարյուրավոր գործընկերներ, ընթերցողներ ու նրան արժեվորող մարդիկ։