Բացել լրահոսը Փակել լրահոսը
view
A A
Հասարակություն

Բուզանդի 1/3 շենքը կանցնի Պետական գոււյքի կառավարման կոմիտեին

Երեւանի Կենտրոն վարչական շրջանի Բուզանդի փողոց 1/3 վարչական շենքը կտրամադրվի Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին։

Նախագիծն ընդգրկված է Գործադիր մարմնի վաղվա նիստում։ 752 մլն 56 հազար 453 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով՝ 1753,41 քառ․ մետր մակերեսով վարչական շենքը եւ դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 1104,6 քմ մակերեսով հողամասի նկատմամբ գրանցվել է Հայաստանի Հանրապետության իրավունքը եւ տրամադրվել է սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական։

Ըստ հիմնավորման՝ հաշվի առնելով, որ անշարժ գույքը որեւէ պետական մարմնի ամրացված չէ, ՀՀ ՏԿԵ նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից միակողմանի ընդունելու համար անհրաժեշտություն է առաջացել շրջանառել անշարժ գույքի ընդունման համապատասխան իրավական ակտ։

Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, երկամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահը պետք է իրականացնի անշարժ գույքի միակողմանի ընդունման եւ հաշվառման աշխատանքները։

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը, սակայն դեմ է արտահայտվել նախագծին։ Նախարարությունն առաջարկել է շրջանառությունից հանել նախագիծը եւ շրջանառել նոր նախագիծ՝ գույքը Նախարարությանն ամրացնելու վերաբերյալ՝ այն հետագայում նպատակային նշանակությանն օգտագործելու պայմանով:

Ըստ նախարարության հիմնավորման՝ 2026թ-ի մարտի 13-ին Նախարարության և «ՍԵՄ Սփյուռքահայ մշակույթի կենտրոն» հիմնադրամի միջեւ կնքվել է համագործակցության հուշագիր: Ուստի գույքը Նախարարությանը ամրացնելու դեպքում հնարավոր կլինի հետագայում եւ հիմնադրամի, եւ այլ կրթամշակութային կազմակերպությունների՝ պետություն եւ մասնավոր հատված ընդլայնմանն ուղղված փոխշահավետ մասնակցության ու համագործակցության արդյունքում ստեղծել ժամանակակից արվեստի ոլորտում հեռանկարային, բազմաֆունկցիոնալ կենտրոն եւ թանգարան: