Բացել լրահոսը Փակել լրահոսը
եատմ
A A
Քաղաքականություն

ԵԱՏՄ-ում ներկայացվել է Հայաստանի անդամակցության կասեցման հետևանքների մասին զեկույց

Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ներկայացուցիչները Եվրասիական միջկառավարական խորհրդում զեկույց են ներկայացրել Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին կասեցնելու հնարավոր հետևանքների վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի կառավարությունը։

Զեկույցը ներառում է տեղեկություններ Եվրամիությանն անդամակցելուն ուղղված ՀՀ ձեռնարկած քայլերի, ինչպես նաև ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի իրավական կարգավորումների համատեղելիության վերլուծության վերաբերյալ։ Մասնավորապես, ուսումնասիրվել են ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության շրջանակում ստանձնած պարտավորությունները և Եվրամիությանն անդամակցելու հետ կապված պարտավորությունները։

Փաստաթուղթը ներառում է նաև Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու որոշման հետևանքով առաջացող ռիսկերը կանխելուն ուղղված իրավական մեխանիզմների վերաբերյալ տեղեկություններ, ինչպես նաև Հայաստանի նկատմամբ 2014 թվականի մայիսի 29-ին ստորագրված՝ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի գործողությունը կասեցնելու հնարավոր հետևանքների գնահատականը։

Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի կառավարությունների ղեկավարների ստորագրած՝ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդին ուղղված դիմումը՝ զեկույցի հավելվածով, 2026 թվականի հոկտեմբերի 20-ին ուղարկվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողով՝ Բարձրագույն տնտեսական խորհրդի անդամներին պաշտոնապես փոխանցելու համար։ Խորհրդի անդամներն են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։