Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱրցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանին՝ խնդրելով ականջալուր լինել արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի խնդրանքին՝ այցելել իրենց ու ավելի մանրամասն տեղեկանալ դատական ողջ պրոցեսին։
«Ես չգիտեմ՝ հարգարժան պաշտպանը կունենա՞ այդ պատասխանատվությունն ու վճռականությունը՝ այցելելու, նաև մեզ տեսնելու, և այդ դեպքում ավելի մանրամասն տեղեկություններ կունենա և կծանոթանա, թե ինչպես է ընթացել ամբողջ քննությունը, ինչ լուրջ և կոպտագույն խախտումներով է այն ընթացել թե՛ ամբողջ քննությունը, թե՛ դատավարությունը՝ մարդու իրավունքների, միջազգային իրավունքի, միջազգային նորմերի, այդ թվում նաև Ադրբեջանի քրեական օրենսգրքի ընթացակարգի կոպտագույն խախտումներով»,- ասել է նա ձայնագրության մեջ։
Իշխանյանն ընդգծել է, որ իր վերջին խոսքում չի կարողացել ասել ինչ կկամենար, քանի որ նվազագույնը 30-40%-ով այդպես էլ չեն թողել իր վերջնական խոսքն ասել։
«Այս դատը բացված չէ 15 հոգու դեմ, այս դատը բացված է հայ ժողովրդի և հայոց պետականության դեմ՝ հստակ նպատակներով և հեռահար ռազմավարությամբ։ Այդ մասին ես կասկածներ ունեցա քննության ընթացքում, իսկ դատապրոցեսի ընթացքում դա դարձավ իմ համոզմունքը։ Իմ ասած մտքերի և խոսքերի ճշմարտությունը ժամանակը ցույց կտա։
Մեզ այցելել է Ադրբեջանի ՄԻՊ Սաբինա Ալիևան որոշ տեղեկություններ փոխանցել նրան։ Երեկ փոխանցեցի իմ դիմում-նամակը, և այնտեղ հստակ մեկ խնդրանք ունեի՝ որպեսզի մեր վճռի ամբողջական՝ ադրբեջաներեն և հայերեն տարբերակները, ինքը միջնորդի և փոխանցի իմ ընտանիքին ու հարազատներին։ Մարդու իրավունքների պաշտպանը խոստացավ, որ ադրբեջաներեն տարբերակը կփոխանցի իմ ընտանիքին և կփորձի միջնորդել»,- ասել է նա և խնդրել Մանասյանին իր կապերով ստանալ այդ վճիռներն ու փոխանցել ընտանիքին։
Մանրամասները՝ տեսանյութում։