Բացել լրահոսը Փակել լրահոսը
l-lKRcC0QCWQ
A A
Մշակույթ

Կնպաստի հայկական սերիալների տարածմանը միջազգային շուկաներում

Կառավարությունը հավանություն կտա «Սերիալների տեսքով տեսալսողական ստեղծագործությունների համատեղ արտադրության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի ստորագրման առաջարկությանը։ Նախագիծը գործադիր մարմնի անդամներին ներկայացնելու է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

Ըստ հիմնավորման՝ Հայաստանի Հանրապետության կողմից Կոնվենցիայի ստորագրումը հնարավորություն կընձեռի զարգացնել և խորացնել համագործակցությունը Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների, ինչպես նաև այլ գործընկեր երկրների հետ տեսալսողական ոլորտում, խթանել հայաստանյան արտադրողների մասնակցությունը միջազգային համատեղ նախագծերին, ընդլայնել հայկական սերիալների արտադրության և տարածման հնարավորությունները միջազգային շուկաներում, ապահովել ոլորտում եվրոպական լավագույն փորձի և չափանիշների ներդրում, բարձրացնել Հայաստանի տեսալսողական արտադրանքի մրցունակությունն ու ճանաչելիությունը։

Կոնվենցիան այս պահի դրությամբ ստորագրել են ԵԽ անդամ 11 պետություն՝ Ֆրանսիան, Վրաստանը, Հունաստանը, Իտալիան, Լյուքսեմբուրգը, Մալթան, Մոնտենեգրոն, Լեհաստանը, Պորտուգալիան, Մոլդովան, Միացյալ Թագավորությունը:

Փաստաթուղթը, սակայն, դեռևս ուժի մեջ չի մտել։ Դրա համար անհրաժեշտ է 3 պետության կողմից վավերացում, որից առնվազն 2-ը պետք է լինեն ԵԽ անդամ պետություններ:

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը պետք է կազմակերպի միջազգային համաձայնագրի ստորագրումը։