Ադրբեջանը շատ լավ գիտի, որ հնարավոր չէ ՀՀ Սահմանադրությունը փոխել․ Մ․Առաքելյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Խաղաղության հաստատման համար կան լուրջ խնդիրներ՝ Ադրբեջանն ընդհանրապես ցանկություն չունի ստորագրել Խաղաղության պայմանագիրը»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը՝ անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին։
Վերջինիս ներկայացմամբ ՀՀ իշխանությունը չի կարողանում ստիպել Ադրբեջանին կատարել իր պարտավորությունը՝ ստորագրած փաստաթղթին համաձայն սկսել սահմանազատման-սահմանագծման աշխատանքները։ Եվ, որ Ադրբեջանը շատ լավ գիտի, որ հնարավոր չէ Սահմանադրությունը փոխել։
«Վստահեցնում եմ, խաղաղություն չի հաստատվելու»,- հավելեց նա։
Խոսելով Հայաստանի և Ռուսաստանի լարված հարաբերությունների ու հատկապես «Հայկական երկաթուղիներ» ընկերության կառավարումը զիջելու խնդիրներից՝ Մեսրոպ Առաքելյանը համոզված է, որ ռուսները չեն տա երկաթգծի կառավարումը։ Իսկ եթե Հայաստանն այդ հարցը վիճարկի միջազգային դատարնո՞ւմ։ Չէ որ իշխանություններն ակնարկում, որ ռուսները չեն կատարել իրենց պայմանագրային պարտավորությունները։ Ավելին՝ համակարգում միլիոնավոր դոլարների չարաշահումներ են թույլ տվել։
«Հայաստանը պատրաստ է ՌԴ-ի դեմ ինչ-որ բա՞ն վիճարկել։ Տեսնենք։ Թող անի։ Փաշինյանն էլ գիտի, որ չի անելու»,- հարցրեց նա։
Իսկ միգուցե հնարավոր է ա՞յլ լծակներ գործադրելով հասնել այդ զիջմանը։ Օրինակ, Գյումրիում ռուսական 102-րդ ռազմաբազան հանելու կամ դրա դիմաց տարեկան 2 մլրդ դոլար վարձավճար սահմանելու փոխարեն վերադարձնել «Հայկական երկաթուղիներ» ընկերության կառավարումը։ Կամ արևմտյան փոքր մոդուլային ռեակտորի փոխարեն ընդունել 1000 մգվտ հզորությամբ ատոմակայանի կառուցման առաջարկը։
«ՀՀ իշխանությունները պատրաստվում են այդ լծակները կիրառել գերտերություն Ռուսաստանի՞ դեմ։ Ախր աշխարհաքաղաքական իրավիճակը, երկրների ռեսուրսներն ու չափերը մենք հաշվի չենք առնում»,- ասաց Մեսրոպ Առաքելյանը։
Մանրամասները՝ տեսանյութում