Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՀՀ քաղաքացին ամեն օր թալանվում է»

Տնտեսություն
97730f37230ef25c05ef5af77363e88c

Հիմք ընդունելով նախորդ տարվա համեմատ 4,8 տոկոս գնաճի վերաբերյալ Ազգային-վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները՝ տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը հարկ է համարում հիշեցնել այս տարվա մարտի ամսին Սերժ Սարգսյանի հայտարարությունը: «Պարոն Սարգսյանը որոշ անգործներին հորդորեց աշխատել: Նա ասաց, որ եթե աշխատանքից չլինեն արդյունքներ, ապա կլինեն հետեւանքներ»,- «Ա1+»-ին ասաց պարոն Մանասերյանը:

Իսկ քանի որ ՀՀ-ում գներն այդպես էլ անկում չապրեցին, պարոն Մանասերյանը սպասում է հետեւանքների. «Եթե տրվում են իրավունքներ, պետք է լինի նաեւ պատասխանատվություն: Պատասխանատվության պետք է ենթարկվեն այն մարդիկ ովքեր իրենց տեղում չեն եւ զլանում են կատարել իրենց պարտականությունները»:

Թաթուլ Մանասերյանը չի կիսում այն տեսակետը, թե առաջիկայում ՀՀ-ում տնտեսական եւ սոցիալական իրավիճակը կհանգեցնի պայթյունի. «Ես ցավում եմ, որ այսօր այդ մասին խոսում են մարդիկ, ովքեր իրենք են ձախողել մեր տնտեսությունը: Ես կարծում եմ, որ հայ ժողովուրդը, ցավոք սրտի, իր պատմության ընթացքում երբեք սոցիալական հարցերով փողոց դուրս չի եկել»: Նրա կարծիքով մինչեւ սեպտեմբերի 21-ը ՀՀ-ում թե ներքաղաքական եւ թե տնտեսական ոլորտներում լուրջ փոփոխություններ չեն սպասվում. «Դրանից հետո արժե ավելի ուշադիր հետեւել իրադարձություններին»:

Գնաճի վերաբերյալ ԱՎԾ-ի պաշտոնական տվյալները տնտեսագետ Վահագն Խաչատրյանին չեն զարմացնում. «Դա վկայում է այն մասին, որ մենք վերջին 8 ամսվա ընթացքում ավելի ենք աղքատացել՝ աշխատավարձը չի բարձրանում այնքան, որքան անհրաժեշտ է, եւ գնաճը բարձրանում է: Այդպես էլ պետք է լիներ: Տնտեսության մեջ օլիգարխիկ վիճակը բերում է դրան: Եթե Սամվել Ալեքսանյանը մեկ օրվա ընթացքում կարողանում է շաքարավազի գինը բարձրացնել 18-20 տոկոս եւ դա սովորական է ընդունվում, ապա գնաճի 4,8 տոկոսն էլ է քիչ: Երեկ 1 կգ շաքարավազը վաճառվում էր 370 դրամով, այսօր 450 դրամով: Երեկ վարունգը 150 դրամ էր, այսօր արդեն 450 դրամ է։ Եթե հաշվի առնենք ռեալ գնաճը, ապա կտեսնենք, որ ՀՀ քաղաքացին ամեն օր թալանվում է օլիգարխների, բիզնեսմենների կողմից: Դա այս իշխանությունների կողմից վարվող տնտեսական քաղաքականության արդյունքն է: Գնաճից եկող գումարները գնում են այդ քաղաքական որոշում կայացնողների գրպանները, որի արդյունքում ունենում ենք սամվել ալեքսանյաններ, գագիկ ծառուկյաններ, տիգրան սարգսյաններ, ռոբերտ քոչարյաններ, սերժ սարգսյաններ»:

Վահագն Խաչատրյանը ավելի քան համոզված է, որ ՀՀ-ում տնտեսական եւ սոցիալական հողի վրա պոռթկումը անխուսափելի է. «Այսօր գործող իշխանությունների նկատմամբ դժգոհությունը մեծ մասամբ պայմանավորված է նաեւ վերջին 2 տարվա ընթացքում աննախադեպ գնաճով»: