Կառավարության հույսը բնությո՞ւնն է (տեսանյութ)
Հուլիսին մրգերի ու բանջարեղենի գնանկումն ընդամենը բնության շնորհ. ոչ թե կառավարության գործունեության արդյունք է համարում ՀԱԿ տնտեսական հանձնաժողովի անդամ Մովսես Արիստակեսյանը:
«Իհարկե, գները պետք է իջնեին, իսկ ո՞վ ասաց, որ չպետք է իջնեին. կարո՞ղ է Տիգրան Սարգսյանի հանձնարարությունից հետո գները սկսեցին իջնել, բացարձակապես ոչ»,- «Ա1+»-ի հետ զրույցում ընդգծեց նա:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) այսօր հրապարակած 2011թ.-ի սպառողական գների ինդեքսը տնտեսագետը համարում է ոչ հավաստի: «ԱՎԾ տվյալներով պարենային զամբյուղի արժեքը 2011թ. 1-ին եռամսյակում կազմել է 36 հազար դրամ, իսկ փորձագիտական գնահատականներով` 37 300 դրամ: Սա այն դեպքում, երբ 2010թ. 1-ին եռամսյակում այդ արժեքը կազմել է 26 485 դրամ»,- ընդգծեց Մովսես Արիստակեսյանն` ավելացնելով, որ սպառողական զամբյուղի արժեքը մեծացել է առնվազը 1,4 անգամ:
Դա է, ըստ նրա, վկայում այն, որ մրգի գները անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ 1,2-1,3 անգամ թանկացել են: Մովսես Արիստակեսյանի ասելով` ԱՎԾ-ն սպառողական գների ինդեքսը հաշվելիս պետք է հաշվի առնի ոչ թե 470 ապրանքատեսակի գների փոփոխությունը, այլ կողմնորոշվի պարենային զամբյուղի մեջ մտնող 11 ապրանքատեսակի գների աճով ու նվազումով:
Այդ պատճառով տնտեսագետը կառավարությանը խորհուրդ է տալիս խոստումներ տալու փոխարեն, ավելի շատ գործի եւ մասնավորապես աշխատի պարենային անվտանգության ռազմավարական ծրագրի վրա, որը մինչ օրս գոյություն չունի: «Ռազմավարական պաշարները չեն գնահատում 1-1,5 ամիս առաջ, էլ: Էլ չեմ խոսում գյուղատնտեսության, արտադրության կազմակերպման մասին, երբ նորմալ գյուղատնտեսական ցանքաշրջանառություն չի ապահովվում, կառավարությունը երկիրը չի ապահովում ամենաանհրաժեշտ ապրանքների ամենանվազագույն արտադրությամբ. հույսը դրվել է միայն ներմուծման վրա»,- ընդգծեց տնտեսագետը` ավելացնելով, որ կառավարությունը հույսը դրել է միայն բնության վրա` եղանակը մի քիչ լավ կլինի, գները կընկնեն:
Կառավարության անգործությունը նա պայմանավորեց տնտեսությունը խեղդող մենաշնորհներով. «Պարենային զամբյուղի մեջ մտնող 11 ապրանքախմբերի մեջ տեսնենք ո՞ւմ է մենաշնորհը` շաքարավազ` Ալեքսանյան Սամվել, յուղ` Ալեքսանյան Սամվել...Մրգերը, ցանքատարածքային կուլտուրաներ` Ծառուկյան Գագիկ: Վերջինս իրացնում է միայն իր մթերքը, իսկ գյուղացուց գնում միայն ստիպողաբար ցածր գներով ու վերավաճառում»:
Այս ամենի արդյունքում, ըստ նրա, հասարակ մահկանացուն, գործազուրկը, թոշակառուն, մանկավարժը չեն կարող իրենց ստացած եկամուտով գնել ծիրան. «Մեկ-երկու անգամ գնեցին եւ վերջ: Ինչո՞ւ, որովհետեւ կար մենաշնորհ, կար նպատակ ծիրանն արտահանել Ռուսաստան ու մեծ գերշահույթ ստանալ: Եւ սահմանափակվեց ծիրանի անհրաժեշտ քանակի մուտքը շուկա»: