Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+fide
A A
Սպորտ

18-ամյա Մարիամ Մկրտչյանը՝ աշխարհի 100 լավագույն շախմատիստուհիների ցանկում

Շախմատի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻԴԵ-ն, հրապարակել է շախմատիստների վարկանիշային նոր աղյուսակը: Այն վստահորեն գլխավորում է աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը, որն ունի 2859 վարկանիշային միավոր: Նրան հաջորդող չինացի Դին Լիժենը ետ է մնում 48 միավորով:

Հայաստանի շախմատիստներից լավագույն արդյունք ունի Գաբրիել Սարգսյանը, որը 2699 միավորով զբաղեցնում է 40-րդ տեղը: Անցած ամսվա համեմատ մեր հավաքականի առաջատարը նահանջել է մեկ աստիճանով: Առաջին 100 շախմատիստների շարքերում է նաև Հայկ Մարտիրոսյանը, որը 2682 միավորով գտնվում է 59-րդ հորիզոնականում: Նա նոյեմբեր ամսվա համեմատ նահանջել է 7 աստիճանով:

Անցած ամսում 100-ի մեջ գտնվող Շանթ Սարգսյանն ու Հրանտ Մելքումյանը բավականին զիջել են իրենց դիրքերը և դուրս են մնացել նոր ցանկից:

Կանանց վարկանիշային աղյուսակը գլխավորում է աշխարհի նախկին չեմպիոն, չինուհի Հու Յիֆանը: Հայաստանի շախմատիստուհիներից Էլինա Դանիելյանը 2431 միավորով զբաղեցնում է 36-րդ տեղը: Աննա Մկրտչյանը 69-րդն է, Լիլիթ Մկրտչյանը՝ 73-րդն է, իսկ աշխարհի և Եվրոպայի Մ-18 չեմպիոն Մարիամ Մկրտչյանը՝ 87-րդը: Վերջինս առաջին անգամ է ընդգրկվում 100 լավագույն շախմատիստուհիների ցուցակում: