Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess patani
A A
Սպորտ

Մարիամ Մկրտչյանի «իններորդ ալիքը». շախմատի ԱՊԱ (տեսանյութ)

Ռումինիայում ավարտին մոտեցող շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունում միակ անկասելի մասնակիցը մնում է Մարիամ Մկրտչյանը: Այսօր կայացած 9-րդ տուրում մեր 18-ամյա շախմատիստուհին սպիտակներով վստահ հաղթեց հնդկուհի Կանիշկային: Դա նրա 9-րդ անընդմեջ հաղթանակն է առաջնությունում՝ այսպես ասած «իններորդ ալիքն» է ըստ Հովհաննես Այվազովսկու:

Մարիամ Մկրտչյանն արդեն 2 միավորով առաջ է իրեն հետապնդողներից: Աշխարհի չեմպիոն դառնալու համար նրան հարկավոր է 10-րդ տուրում նվազագույնը ոչ-ոքի խաղալ լեհ Մարտինա Վիկարի հետ:

Առաջին տեղի համար պայքարում է նաև 16-ամյա շախմատիստ Էմին Օհամյանը, որն ընթացիկ տուրում հաղթեց ռումինացի Անդրեյ Ֆիլիպին, վաստակեց 7,5 միավոր և Պրանավ Անանդի հետ շարունակում է կիսել 1-2-րդ տեղերը: Նախավերջին՝ 10-րդ տուրում, մեր շախմատիստը կմրցի աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդի անվանակցի հետ:

Չեմպիոն դառնալու շանսեր ունի նաև 18-ամյա շախմատիստ Մամիկոն Ղարիբյանը, որը 9-րդ տուրում հաղթեց մեր մյուս շախմատիստ Սարգիս Սարգսյանին և պահպանեց միանձյա առաջատար Շոն Ռոդրիգես-Լեմիոյի հետ եղած մեկ միավորի տարբերությունը: Մեր շախմատիստի հաջորդ մրցակիցը ռումինացի Անդրեյ-Դրագոշ Անտոնիկան է, որը 7 միավորով զբաղեցնում է 2-րդ տեղը:

Մեր մյուս շախմատիստ-շախմատիստուհիներն արդեն բավականին ետ են մնում առաջատարներից և դուրս են մնացել մեդալային պայքարից: