Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+pyunik (8)
A A
Սպորտ

Խոնարհվում եմ խաղացողների և մարզչական շտաբի առաջ․ «Փյունիկի» սեփականատեր

Երևանի «Փյունիկի» սեփականատեր Արթուր Սողոմոնյանը չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլի «Դյուդելանժի» հետ պատասխան խաղից հետո գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում։

«Փյունիկը» շարունակում է նվաճել եվրոպական ֆուտբոլի նոր բարձունքները։ Պատասխան խաղում պարտության մատնեցինք Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դյուդելանժին»։

Խոնարհվում եմ խաղացողների և մարզչական շտաբի առաջ, որոնք ևս մեկ անգամ ցուցադրեցին իրենց անհավանական բնավորությունը, հաղթելու աննկուն կամքը և բարձր պրոֆեսիոնալիզմը։ Չնայած լուսատախտակի խոշոր հաշվին, տղաները շարունակեցին պայքարել մինչև վերջին վայրկյանը:

Ոչինչ չէր կարող կոտրել այս թիմի ոգին. ո՛չ տնային ցավալի պարտությունն առաջին խաղում, ո՛չ բաց թողած գնդակը պատասխան խաղի սկզբում, ո՛չ էլ մրցավարական սխալները։

Ֆուտբոլիստները նվիրվել էին 120 %-ով։ Խաղից հետո ֆուտբոլիստների ոտքերին նայելը ցավալի էր, բայց նրանց դեմքերը փայլում էին երջանկությունից և հպարտությունից։ Ակումբի համար, ամբողջ Հայաստանի համար․․․

Հայաստանի չեմպիոնն առաջին անգամ կխաղա չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլում։ Առջևում հաջորդ ուժեղ մրցակիցն է՝ «Ցրվենա Զվեզդան»։ Վստահ եմ, որ մեր թիմը կանգ չի առնի և ամեն ինչ կանի իր երկրպագուներին գոհացնելու և հայկական ֆուտբոլը նոր բարձունքների բարձրացնելու համար»,- գրել է Արթուր Սողոմոնյանը։

Հիշեցնենք, որ «Փյունիկը» պատասխան խաղում հյուրընկալվելիս 4։1 հաշվով ջախջախեց «Դյուդելանժին» և առաջին անգամ դուրս եկավ չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլ, ինչն առաջին նման ցուցանիշն է անկախ Հայաստանի ակումբային ֆուտբոլի պատմության մեջ։

Նշենք, որ «Ցրվնա Զվեզդայի» հետ խաղերը նախատեսված են օգոստոսի 3-ին և 9-ին։ Առաջին հանդիպումը կկայանա Բելգրադում, իսկ երկրորդը՝ Երևանում։