«Դյուդելանժը» ավելի կազմակերպված թիմ է, քան «Կլուժը». «Փյունիկի» մարզիչ
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն որակազրկվել է չեմպիոնների լիգայի մեկ խաղով և բաց կթողնի հուլիսի 19-ին «Դյուդելանժի» հետ տնային հանդիպումը: Ուստի, այսօր կայացած նախախաղային մամուլի ասուլիսին ներկայացել է նրա օգնական Ռոման Մոնարյովը:
«Մենք շատ լուրջ ենք նախապատրաստվել այս խաղին։ Կունենանք թե՛ կադրային, թե՛ տակտիկական փոփոխություններ ։ Ինչ վերաբերում է մրցակցին, ապա չեմ կարծում, որ որևէ մեկը թերագնահատում է նրան։ «Դյուդելանժն» ավելի կազմակերպված թիմ է, քան մեր նախկին մրցակից «Կլուժը»: Այն եվրոգավաթներում խաղալու հսկայական փորձ ունի։ Անհարմար թիմ է, համառորեն սպասում է մինչև իր պահին և օգտագործում է այն։
Չեմ կարծում, որ այս զույգում ֆավորիտ կա: Դրա համար ասում եմ, որ շատ բարդ խաղ է լինելու։ Եթե նախորդ խաղում «Կլուժը» համարվում էր ֆավորիտ, ապա, այստեղ ամեն ինչ խառն է: Նախապատրաստական առումով մենք այս մրցակցի համար տակտիկական որոշ գաղափարներ ունենք, վաղը դա կտեսնեք», - ասել է մարզչի օգնականը:
«Դյուդելանժի» գլխավոր մարզչի տեղակալ Մեհդի Ալ-Ալուին նախախաղային ասուլիսին ասաց, որ «Փյունիկն» ավելի բարդ մրցակից է, քան իրենց առաջին մրցակիցը` ալբանական «Տիրանան», քանի որ ավելի լավ է պաշտպանությունից անցնում հարձակման, և հակառակը:
Նշենք, որ չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլի «Փյունիկ» - «Դյուդելանժ» հանդիպումը կկայանա վաղը, հուլիսի 19-ին, ժամը 20:00-ին: