Հայկական օպերաները` անգլերեն
Աջակցիր «Ա1+»-ին
Ազգությամբ հայ, ծնունդով Եգիպտոսից, փարիզաբնակ դերասան, ռեժիսոր Ժիրայր Փափազյանը «Նարեկացի» արվեստի կենտրոնում հայ արվեստասերներին ներկայացավ բոլորովին այլ տեսանկյունից:
Հատվածներ ներկայացվեցին «Անուշ», «Արշակ 2-րդ» եւ «Կարինե» օպերաներից անգլերեն տարբերակով, հենց ամերիկացիների իսկ բեմադրությամբ, իսկ օպերաների թարգմանությունը կատարել էր Հայաստանում թատերական կրթություն ստացած Ժիրայր Փափազյանը:
«Թարգմանության առիթը Ամերիկայի Միչիգան քաղաքի օպերային բեմադրիչ Դեւիդ Դիքերինն էր, ով հայտարարել էր, որ ցանկություն ունի բեմադրել այնպիսի մի գործ, որը այնքան էլ իր ազգային շրջանակներից դուրս չի եկել, իհարկե, միայն նրան դուր գալու դեպքում»,- պատմում է արվեստագետն ու ավելացնում, որ մի հայ տիկին իմանալով այդ մասին, անմիջապես վազել էր նրա մոտ եւ միասին էլ որոշել էին ներկայացնել «Անուշը»:
«Շատ կարճ ժամանակում հասցրեցի թարգմանել, սկզբում մասամբ, որը ներկայացնելուց հետո օպերային բեմադրիչին շատ դուր եկավ: Այդպես էլ ամբողջ բեմադրությունը շատ բարձր մակարդակով բեմադրվեց, որն ունեցավ բավական մեծ արձագանք: Այդպես էլ դրան հաջորդեցին մյուսները արդեն այլ հսկա օպերային պատմություն ունեցող ամերիկյան քաղաքներում»,- հիշում է Ժիրայր Փափազյանը:
Հայ արվեստագետը «Նարեկացի» արվեստի միությունում, որպես հուշանվեր ստացավ Կոմիտասի ստեղծագործությունների սկավառակն ու «Նուռ» խորհրդանշական նվերը: