Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Վալերի Բրյուսովն ու նոտաների հավաքածուն․ գրքի շնորհանդես ԲՊՀ ում (տեսանյութ)

«Звонко-звучная тишина Валерия Брюсова» («Վալերի Բրյուսովի զրնգուն-հնչեղ լռությունը») գիրքը դրվեց ընթերցողի սեղանին։ Շնորհանդեսը կայացավ ԲՊՀ նիստերի մեծ դահլիճում։ ԲՊՀ գրադարանի տնօրեն, բանասիրական գիտությունների թեկնածու Դիանա Սարաֆյանը գիրքը կազմել է բուհի գրադարանի Բրյուսովյան գիտական կենտրոնի և Վ. Բրյուսովի թանգարանի արժեքավոր նյութերի հիման վրա:

«Անցնող տասնամյակների ընթացքում մեր համալսարանը դարձել է բրյուսովագիտության ամենակարևոր կենտրոնը։ Չափազանցություն չի լինի, եթե ասեմ, որ բրյուսովագիտության դրոշակակիրը մեր համալսարանն է ամբողջ աշխարհում։ Մեր համալսարանում հաջողությամբ գործում են բրյուսովագիտության կենտրոնը և Վալերի Բրյուսովի թանգարանը՝ իր բացառիկ հավաքածուով»,- ասաց Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Դավիթ Գյուրջինյանը, որը նաև գրքի գիտական խորհրդատուն է։

Բրյուսովյան գիտական կենտրոնի ֆոնդերում պահվում է նոտաների մի հավաքածու, որը, ինչպես նշեց Դիանա Սարաֆյանը, դարձել է գիրքը կազմելու առիթը։ «Այդ հավաքածուն 1962 թվականին համալսարանին են նվիրաբերել Վալերի Բրյուսովի ընտանիքի անդամները, մասնավորապես՝ նրա այրին՝ Ժաննա Մատվեևնան և քույրը՝ Նադեժդա Յակովլևնան, որը Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսոր էր»,- նշեց նա։

Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչության ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը համոզված է, որ գիրքը ընթերցողների առջև բացահայտում է Վալերի Բրյուսովի անհատականության քիչ ուսումնասիրված մի կողմը՝ նրա խորը, բարդ և բազմակողմանի կապը երաժշտության հետ․

«Մենք սովոր ենք Բրյուսովին ընկալել նախևառաջ որպես բանաստեղծի, թարգմանչի, մտածողի, Ռուսաստանի և Հայաստանի միջև մշակութային միջնորդի։ Սակայն սույն հետազոտությունը համոզիչ կերպով ցույց է տալիս, որ երաժշտական սկիզբը օրգանապես հյուսված է եղել նրա պոետիկայի, աշխարհընկալման և գեղարվեստական մտածողության մեջ»։

Շնորհանդեսին ներկա էր Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, որն իր խոսքում նշեց, որ նման միջոցառումներն ընդգծում են Հայաստանի և Ռուսաստանի մշակութային, հումանիտար ու գիտական կապերի խորությունը։

Միջոցառմանը ներկայացվեցին հատվածներ Մոսկվայում նկարահանված «Վալերի Բրյուսովը՝ Հայաստանի ժողովրդական բանաստեղծ» ֆիլմից, իսկ ավարտին բուհի ուսանողները ներկայացրին Վալերի Բրյուսովի բանաստեղծությունների հիման վրա բեմադրված գրական-երաժշտական կոմպոզիցիա:

Գիրքը ԲՊՀ-ի և Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի համատեղ նախագիծն է՝ նվիրված ԲՊՀ 90-ամյակին:

Մանրամասները՝ կից տեսանյութում

(հեղինակներ՝ ԲՊՀ ՀՀՍ մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողներ Սուսաննա Մկոյան և Ալիսա Ավետիսյան):