ՄԻԵԴ-ը կոմունիկացրել է խաղաղ պայմաններում մահացած կապիտան Անդրանիկ Մկրտչյանի գործը
Աջակցիր «Ա1+»-ինՄարդու իրավունքների եվրոպական դատարանը կոմունիկացրել է ոչ մարտական պայմաններում պաշտոնական վարկածով ինքնասպանություն գործած՝ 26-ամյա կապիտան Անդրանիկ Մկրտչյանի գործը: Դեպքը տեղի է ունեցել 2017 թ օգոստոսի 20-ին։
Ինչպես «Ա1+»-ին հայտնեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արայիկ Պապիկյանը, դատարանը մինչեւ մարտի 11-ը ժամանակ տրամադրել՝ պատասխանի համար:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նաեւ պետությունից է տեղեկություններ պահանջել, այդ թվում՝ նման գործերով զբաղվող աշխատանքային խորհրդի խորհրդատվական եզրակացությունը:
Հիշեցնենք՝ 2020 թ-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների մահվան դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի ուսումնասիրության նպատակով ձեւավորվել էր աշխատանքային խումբ: Աշխատանքային խմբում ներգրավված էին երեք իրավաբան (փաստաբան) սպանված կամ մահացած զինծառայողների իրավահաջորդների եւ երեք իրավաբան վարչապետի կողմից։ Խմբի աշխատանքները համակարգում էր վարչապետի օգնական, ներկայումս ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։
Խմբի կողմից Անդրանիկ Մկրտչյանի քրեական գործ ուսումնասիրության արդյունքում պարզվել է՝ կապիտանը չէր կարող ինքնասպանություն գործել։ Նախաքննական մարմնի կողմից իրավահաջորդին չի ներկայացվել նաեւ այն շարժառիթը, թե ինչու է ինքնասպանություն գործել։ Բացի այդ՝ ինքնաձիգի ձգանի վրայի մատնահետքը չի առանձնացվել եւ չի ենթարկվել հետազոտության։
Ըստ նախաքննության մարմնի՝ կապիտանի ծոցագրպանում հայտնաբերել են գրություն, որով նա խնդրում է իր մահվան համար որեւէ մեկին չմեղադրել: Անդրանիկ Մկրտչյանի հարազատները չեն ճանաչել իրենց որդու ձեռագիրը։ Բացի այդ՝փորձագետները ձեռնոցներով չեն աշխատել այդ գրությունն ուսումնասիրելու ժամանակ:
Աշխատանքային խումբն այդ, ինչպես նաեւ կասկած հարուցող շուրջ երեք տասնյակ հանգամանքների վերաբերյալ հարցեր է առաջ քաշել, որը ներկայացված է մոտ 70 էջանոց խորհրդատվական եզրակացության մեջ։
Ի դեպ, նախաքննական մարմինը մերժել է սպանության հոդվածով գործի հարուցումը, թեեւ այդ գործն անձամբ ժամանակին ուսումնասիրել է Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը: