Պատմվածք առանց սահմանների
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր «Ինքնագիր» գրական ակումբը ամփոփեց այս տարվա մրցանակաբաշխության արդյունքները:
Լավագույն ինտերնետային պատմվածք ճանաչվեց Գրիգոր Սարգսյանի «Գայլերի գերատեսչություն» պատմվածքը:
Մրցանակն էր` 40 հազար դրամ: Գրիգոր Սարգսյանը մասնագիտությամբ ծրագրավորող է, պատմվածքը գրել է 2006 թվականին եւ իր խոսքով, այն տպագրելու փորձերը միշտ տապալվել են:
«Պատմվածքի գաղափարը մեր իրականության մեջ տիրող աբսուրդը ու դրա հանդեպ մարդկանց վերաբերմունքը ներկայացնելն է: Նպատակը` ընդվզում առաջացնել դրա նկատմամբ»,-«Ա1+»-ի հետ զրույցում ասաց նա:
Սա «Ինքնագիր» ակումբի թվով երրորդ մրցանակաբաշխությունն է: Մրցույթին մասնակցել է 38 պատմվածք, որից ժյուրին ընտրել է լավագույն 6-ը: Անհատ մարդիկ իրենց պատմվածքները ամսագիր ներկայացրել են էլեկտրոնային տարբերակով, դրանց շուրջ ամսագրի բլոգում էլ կայացել են քննարկումներ:
Լավագույն պատմվածքները կհրապարակվեն «Ինքնագիր» գրական հանդեսում, իսկ ավելի ուշ լույս կտեսնի ժողովածու:
Ի դեպ նշենք, որ ներկայացված պատմվածքների վերաբերյալ որեւէ գրաքննություն չի գործում: Այսպես, «Ինքնագիր» գրական ակումբի մրցանակին, արժանացավ «Աշը ընգերուհուն ք**** էր» վերնագրով պատմվածքի հեղինակ Վահե Բուդումյանը: Պատմվածքը հիմնականում գրված է ժարգոնային ոճով, գործածվել է նաև հայհոյանք: Սա, ըստ հեղինակի, վերաբերմունքի խնդիր է:
«Սա ավելի շատ ոչ թե հեղինակի, այլ նրա հերոսի վերաբերմունքն է»,-«Ա1+»-ին մեկնաբանեց Վահե Բուդումյանը: Պատմվածքի լեզվի առումով էլ նա նշեց. «Իրականում մեր դպրոցականները այսօր խոսում են այդ լեզվով եւ այն իրենց մատուցելով փորձել եմ հայելու էֆեկտ ստեղծել եւ իրենց ցույց տալ իրենց իրական դեմքը»: