Մեր ջոկատից բոլորը վիրավորվեցին, մնացել էի ես, ես էլ երկու օր հետո վիրավորվեցի (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀադրութում ռազմական գործողությունների ընթացքում վիրավորում ստացած 20-ամյա Ջիվանը համոզված է՝ կորցրած տարածքները դեռ հետ ենք բերելու, շապիկին գրվածն էլ իր խոսքերն են։
Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում ծնված երիտասարդը երկար տարիներ Ռուսաստանում է ապրել,18 տարեկանում է վերադարձել և մեկնել ծառայության․
Ջիվանը մեկ ամիս արդեն դիրքերում էր, երբ սեպտեմբերի 27-ի առավոտյան սկսվեցին ռազմական գործողությունները։ Ասում է՝ պատերազմից երկու օր առաջ արդեն հասկացել են, որ հակառակորդը հարձակաման է պատրասվում, ըստ Ջիվանի՝ անսպասելի էր միայն ժամը․
«Հասարակ օր էր, առավոտ 7-ին տղաների հետ հերթափոխ արեցի, դրսում կանգանած էինք, լսեցինք՝ սկսվեց կրակոց ամբողջ գծի երկայնքով»։
Հոկտեմբերի 15-ին ոտքի՝ բեկորային վիրավորում է ստացել, մինչ այդ, ընկերներից շատերը վիրավորվել են, մեկը նույնիսկ զոհվել է, օգնել է՝ ում ինչպես կարողացել է․
«Պետք է բարձրանայինք, մեր դիրքը զբաղեցնեինք սարի վրա, բարձրանալու պահին մեր վրա ռակետ կախեցին, տղաներից շատերը վիրավորվեցին, նրանց իջեցրինք ներքև, փոսի մեջ էլ ռակետ կախեցին, մեր ջոկատից բոլորը վիրավորվեցին, մնացել էի ես, ես էլ երկու օր հետո վիրավորվեցի, ջուրն անցնելու ժամանակ»։
Կռվի թեժ պահերին վախենալ չի հացրել, ասում է՝ այդ մասին նույնիսկ չի մտածել․
«Եթե գիտես ինչ պետք է անես ու ոնց անես, վախը խանգարում է կոնկրետանալ»
Վերականգնողական բուժումների շնորհիվ մի փոքր դժվարությամբ, բայց արդեն քայլում է։
Մինչ բանակ գնալը Ջիվանը սպորտով է զբաղվել, հիմա էլ չի բացառում՝ լիարժեք բուժվելուց հետո կրկին կզբաղվի, մտածում է սեփական մարզասրահը ունենալու մասին․
Վիրավորում ստանալուց հետո Երևան տեղափոխվելու օրը Ջիվանը առաջինը քեռուն է զանգել, հետո Ռուսաստանում գտնվող մայրիկի հետ խոսել, նույն օրը մայրը Երևան է հասել։
Ջիվանին հարցնում ենք՝ սիրած աղջիկ ունի՞, բազմանշանակ ժպտում է, բայց մինչև վերջ չի անկեղծանում։