Բացել լրահոսը Փակել լրահոսը
_111639730_index_world_lockdownj_976
A A
Հասարակություն

Մի մոտեցեք սառնարանին, երբ ձանձրանում եք․ հոգեբանը՝ ինքնամեկուսացածներին

Մինչեւ մայիսի կեսեր դեռ տանն ենք, գոնե նրանք, ովքեր հետեւում են  արտակարգ դրության կանոններին։

Ըստ հոգեբան Սաթեն Գրիգորյանի՝ մարդիկ հարմարվում են իրավիճակին, քանի որ այլ տարբերակ չունեն, սակայն այդ հարմարումն ունի իր թե՛ դրական, թե՛ բացասական կողմերը։ Մարդիկ սկսում են մի փոքր այլ կերպ մտածել, հասկանալ ու արժևորել բաներ, որոնք մի ժամանակ նույնիսկ չէին նկատում: Հարկադիր պարապուրդի արդյունքում շատերի մոտ հիմնովին կդադարի մասնագիտական այրման գործընթացը, և մարդիկ հաճույքով կվերադառնան իրենց աշխատավայրերը՝ դադարելով սիրել շաբաթվա օրերից միայն ուրբաթը՝ շաբաթ-կիրակիի նախաշեմին։

«Մեկուսացումը նվիրում է կյանք նախևառաջ ինքներս մեզ հետ, որը հնարավորություն է հոգեկան ներուժի ափդեյթի, ինքնաբացահայտման, նորովի ինքնաընկալման համար: Այն կարող է յուրօրինակ ուղեգիր հանդիսանալ դեպի ապագա, եթե օգտագործեք հօգուտ ձեր ինքնաբացահայտման: Այն չտեսնված առիթ է դուրս գալ կյանքի սիրելի, բայց և անկանոն ռիթմից և սեփական անձին ուշադրություն հատկացնել»,- ասում է նա։

Ըստ նրա՝ անհրաժեշտ է հետևել առողջ ապրելակերպին, ուտել միայն այն ժամանակ, երբ կա դրա անհրաժեշտությունը, ոչ թե ամեն անգամ, երբ սկսում ենք ձանձրանալ․

 «Սթրեսային իրավիճակներում օրգանիզմը սկսում է ավելի շատ սնունդ պահանջել, կարողացեք կառավարել այն: Նաև անհրաժեշտ է սահմանափակել նստակյացությունը, մարզվել, օրվա ընթացքում ակտիվ ժամեր կազմակերպել՝ հետագա առողջական խնդիրներից խուսափելու համար»։

Հոգեբանը հորդորում է հետեւել միայն դրական գրառումներին, իսկ բացասականների կողքով պարզապես անցնել: Կարդալ նորություններ, լինել տեղեկացված, բայց  չենթարկվել տեղեկատվական ահաբեկչությանը, որը հավելյալ սթրեսոգեն է: Թույլ չտալ հայտնվել դեստրուկտիվ էսթետիկայի ճիրաններում․ պահել հակակշիռը, կարդալ նաև դրական տեղեկատվություն, նոր գրքեր եւ  դիտել հետաքրքիր ֆիլմեր:

 Նրա դիտարկմամբ՝ իրավիճակը դժվար է հատկապես էքստրովերտների համար, ովքեր սովոր են մշտապես ակտիվ լինել, շփվել: Նրանք տանել չեն կարողանում վերահսկողությունը սեփական կյանքի նկատամամբ:

«Եղեք հանդուրժող և հիշեք, որ ամեն ինչ անցողիկ է և ժամանակավոր: Օգտագործեք ժամանակն ի նպաստ ձեզ և ձեր սիրելիների։ Կարողացեք հաճույք ստանալ մանրուքներից, վայելել ցանկացած բան, ինչն անում եք, առանց շտապելու վայելեք առավոտյան սուրճը. շտապելու տեղ, գոնե առայժմ, չունեք: Փոխեք հետաքրքրությունների շրջանակը, վերջապես արեք այն, ինչ միշտ ցանկացել եք, բայց ժամանակ չեք ունեցել: Նպաստավոր անցկացրեք ձեր ժամանակը»,- ասում է նա։

Daily Mail-ը գրում է, որ Չինաստանում ավելացել են ամուսնալուծությունների թիվը, եւ չի բացառում, որ  դա հարկադիր տանը մնալու հետեւանք է: Իսկ Հայաստանում բաժանությունների մասին հրապարակված ցուցանիշներ դեռ չկան։

Հոգեբանի կարծիքով` իրավիճակը պայմանավորված է նրանով, որ մարդիկ սովոր չեն միեւնույն տարածքում երկար մնալուն, սակայն կարանտինը  առիթ է միմյանց նորովի ճանաչելու․

 «Հիշե՛ք, որ ձեր կողքին լրիվ այլ մարդ է՝ իր աշխարհայացքով, սովորույթներով ու ընկալումներով: Ոչ թե հանդուրժեք միմյանց, այլ նորովի վերաիմաստավորեք հարաբերությունները: Ոչ թե անհանգստացեք ու տագնապեք յուրաքանչյուրդ ձեզ համար, այլ միասին: Կիսվեք ցանկացած անհանգստացնող երևույթի մասին: Այն կամրացնի հարաբերությունները, ինչպես նաև վստահությունը միմյանց հանդեպ»։

 Նա խորհուրդ է տալիս օգտագործել բոլոր հնարավոր միջոցները եւ մենակ չմնալ տագնապի հետ։ Սովորել կառավարել սեփական հույզերը, չվախենալ համաճարակից, պարազպես զգուշանալ։ Իսկ վախն օրգանիզմի պաշտպանական մեխանիզմն է և անհրաժեշտ է մեր իսկ անվտանգության համար:

 «Միօրինակությունը սպանում է մարդու էնտուզիազմը: Իրավիճակը դիտարկեք որպես փոփոխություն, որը փոխելու է նաև ձեզ ու միայն դեպի լավը: Հիշեք՝ ժամանակի ու տարածության այս անխուսափելի աղճատման համատեքստում մենք ունենալու ենք կյանքի վերաիմաստավորում»,- եզրափակում է Սաթեն Գրիգորյանը: