Կրակոցներ, այնուհետև վրաերթ՝ Երևանում․ Վրաստան փախչելիս հայտնվել է Աղստև գետում
Աջակցիր «Ա1+»-ինԲացահայտվել է օրերս Երևանում տեղի ունեցած առանձնապես ծանր հանցագործություն, երբ տղամարդն իր զոհի վրա մի քանի կրակոց արձակելուց հետո տեսնելով, որ թիրախը խույս է տալիս, ապա դիմում փախուստի, նա իր վարած «Mercedes GLE» մակնիշի ավտոմեքենայով հետապնդում է զոհին, ապա վրաերթի ենթարկում ու տեսնելով, որ նա մահացել է, դիմում է փախուստի, գրում է shamshyan.com-ը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նույն օրը մահացածի մարմինը անհայտ անձանց կողմից տեղափոխվում է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղից էլ տեղափոխողները հեռանում են։
Տեղում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվում է քրեական վարույթ և քրեական ոստիկաններն ու Էրեբունու քննիչները մի քանի վարկածների ուղղությամբ աշխատանքներ են իրականացնում։
Մինչ մահացածի վերաբերյալ տեղեկություններ էին տարածում, թե իբրև նա կամ հանկարծամահ է եղել, կամ վրաերթի է ենթարկվել, Էրեբունու քննիչները, ցուցաբերելով բարձր մասնագիտական հմտություններ և պրոֆեսիոնալիզմ, տաք հետքերով պարզում են, որ տեղի ունեցածը ոչ թե հանկարծամահություն է, այլ միտումնավոր սպանություն և հերթական օպերատիվ տեղեկություններով պարզում են, որ ենթադրյալ սպանություն կատարողը Տավուշի մարզում վթարի է ենթարկվել այն «Mercedes»-ով, որով մահվան ելքով վրաերթի հեղինակ է եղել, իսկ մինչ Երևանի բնակիչ 35-ամյա Սարգիս Ս.-ն, «Mercedes GLE»-ով գալիս է Նուբարաշենի խճուղի, որտեղ տեսնում է իր զոհին՝ Երևանի բնակիչ 41-ամյա Գագիկ Հախվերդյանին, իջնում է ավտոմեքենայից ու իր մոտ եղած ատրճանակից նրան սպանելու նպատակով մի քանի կրակոցներ է արձակում։ Սակայն Գ․ Հախվերդյանը կարողանում է խույս տալ կրակոցներից ու դիմում է փախուստի, իսկ Սարգիս Ս․-ն նստում է «Mercedes GLE»-ն, հետապնդում իր զոհին ու մահվան ելքով վրաերթի ենթարկում, որից հետո դիմում է փախուստի՝ նպատակ ունենալով Հայաստանի սահմանը հատելով անցնել Վրաստան։ Հասնելով Տավուշի մարզի Իջևան-Դիլիջան ավտոճանապարհի 13-րդ կմ հատված, դուրս է գալիս երթևեկելի գոտուց, բախվում բետոնե պատնեշին և հայտնվում Աղստև գետում, որտեղից նրան տեղափոխում են «Դիլիջան» բժշկական կենտրոն։
Արդեն «Դիլիջան» բժշկական կենտրոնում անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո նա փորձում է հիվանդանոցից ճողոպրել, սակայն ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվում, որ նրան սպանություն կատարելու կասկածանքով իրավապահները որոնում են։
Տեղում ՊԾ Տավուշի մարզի գումարտակի հրամանատար Ա․ Բեժանյանի գլխավորությամբ պարեկները մեկնում են հիվանդանոց և երբ նա փորձում է հիվանդանոցի վարչական տարածքը լքել, պարեկները բռնում են նրան ու ժամեր անց տեղափոխում Երևան՝ ներկայացնելով ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։
Կարճ ժամանակ անց ՀԿԳ ավագ քննիչ Է․ Գաբրիելյանը միջնորդություն է ներկայացնում Երևան քաղաքի ընդհանուր իրավասության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քրեական դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի նրա նկատմամբ ու դատարանը, դռնփակ դատական նիստն անցկացնելուց հետո, դատավորը վերադառնում է խորհրդակցական սենյակից և բավարարում քննիչի միջնորդությունը, որից հետո նրան դատարանից տեղափոխում են ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։