Բացել լրահոսը Փակել լրահոսը
85
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Ընտրակաշառքի վերաբերյալ հաղորդումներ են ուղարկվել Հակակոռուպցիոն կոմիտե․ ՆԳՆ (տեսանյութ)

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ մայիսի 12-ին տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին ՆԳ նախարարության և ենթակա ծառայությունների ղեկավարները։ Արփինե Սարգսյանին է ներկայացվել ԱԺ առաջիկա ընտրություններին ընդառաջ Ոստիկանության ստորաբաժանումների կողմից իրականացված աշխատանքը․ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ առերևույթ ընտրական հանցագործությունների վերաբերյալ 19 հաղորդում է ուղարկվել նախաքննական մարմիններ, որոնց հիման վրա նախաձեռնվել են քրեական վարույթներ։

Ներկայացվել են նաև ընտրողների նախնական ցուցակների հրապարակման, վերջնական ցուցակների ձևավորման և ճշգրտման ուղղությամբ ընթացիկ աշխատանքները։ Այդ համատեքստում անդրադարձ է կատարվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ համագործակցությանը։ Կարևորվել է ընտրության օրը Միգրացիայի և քաղաքացիության ծառայության և 112 օպերատիվ կառավարման կենտրոնի թեժ գծերի միջոցով քաղաքացիներին և դիտորդական առաքելությունների ներկայացուցիչներին տարբեր լեզուներով տեղեկատվության հասանելիության ապահովումը։ Անդրադարձ է կատարվել անձնակազմի վերապատրաստման հարցերին։

ՆԳ նախարարը հանձնարարել է գործող ընթացակարգերի, ընտրողների իրավունքների և ընտրական հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ ինտենսիվացնել հանրային իրազեկումը։ Նախարար Սարգսյանը նախընտրական և ընտրական գործընթացներում առերևույթ իրավախախտումների, հանցագործությունների կանխարգելման, դրանց բացահայտման և արագ արձագանքման ուղղությամբ տվել է խիստ հանձնարարականներ։

Արփինե Սարգսյանը շեշտել է, որ իրավապահ համակարգի արձագանքը պետք է լինի օպերատիվ, պրոֆեսիոնալ և համակարգված՝ ուղղված ընտրական գործընթացների պատշաճ ապահովմանը։ ՆԳ նախարարության և ենթակա ծառայությունների ղեկավարները ներկայացրել են կոնկրետ ուղղություններով արդեն իսկ կատարված աշխատանքները։