Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արոնյանը հաղթեց Գաշիմովին

Սպորտ

Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը ինը անընդմեջ ոչ-ոքիներից հետո վերջապես ճաշակեց հաղթանակի բերկրանքը Լինարեսի սուպերմրցաշարում: Վերջին` 10-րդ տուրում, նա սպիտակներով պարտության մատնեց ադրբեջանցի Վուգար Գաշիմովին: Լեւոնն այս անգամ շատ ակտիվ խաղաց եւ նպատակային քայլերով մրցակցին ստիպեց պաշտպանվել: Գաշիմովը փորձեց հակախաղ կազմակերպել սպիտակների արքայական թեւում, սակայն ավելի թուլարեց սեփական թիկունքը, ինչից էլ վարպետորեն օգտվեց մեր շախմատիստը:

Այս հաղթանակից հետո Արոնյանը վաստակեց 5,5 միավոր, սակայն բավարարվեց 3-րդ տեղով, քանի որ առջեւից ընթացող ռուս գրոսմայստեր Ալեքսանդր Գրիշչուկը գրոսմայստերական ոչ-ոքի խաղաց իսպանացի Ֆրանցիսկո Վալյեխոյի հետ եւ նվազագույնը ապահովեց 2-րդ տեղը` 6 միավոր:

Մրցաշարի հաղթողը որոշվեց Վեսելին Թոփալով - Բորիս Գելֆանդ մրցամարտում: Բուլղարացի շախմատիստն իրեն բնորոշ ոճով` արագ եւ սուր քայլերով շոշափելի առավելություն ստացավ սկզբնախաղում, իսկ վերջում երկու անցողիկ զինվորներով սեւերին ստիպեց հանձնվել: Այդպիսով, առաջին տեղը 6,5 միավորով գրավեց Վեսելին Թոփալովը:

Հավելենք, որ Արոնյանը միակը մնաց Լինարեսում, ով այդպես էլ չճաշակեց պարտություն դառնությունը: