Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Միլանյան դերբին մարդու կյանք խլեց

Սպորտ

Ֆուտբոլի Իտալիայի «Ա» սերիայի 19-րդ տուրն ավարտվեց միլանյան դերբիով: Այդ օրը կապտասեւ «Ինտերը» հյուրընկալեց կարմրասեւ «Միլանին»:

Հանդիպումը ֆուտբոլասերների մոտ մեծ հատաքրքրություն էր առաջացրել մի քանի պատճառով: Նախ, թիմերն շատ հաջող են հանդես գալիս այս մրցաշրջանում եւ 18 տուրից հետո զբաղեցնում էին համապատասխանաբար 1-ին եւ 2-րդ տեղերը: Երկրորդ, դրանք Իտալիայի առաջնության այն երկու թիմերն են, որոնք գլխավորում են օտարերկրացի մասնագետները: Երրորդ` առաջին շրջանում կայացած խաղում կապտասեւերը 4:0 հաշվով ջախջախել էին կարմրասեւերին, ուստի վերջինները մտածում էին միմիայն ռեւանշի մասին: Չորրորդ, եթե «Միլանն» ինչ-որ չափով իտալական թիմ է հիշեցնում, ապա «Ինտերը» պարզապես աշխարհի հավաքական է (թիմի հիմնական կազմում ընդգրկված են միայն օտարերկրացի ֆուտբոլիստներ):

Միլանի 154-րդ դերբին, ինչպես եւ սպասվում էր, բավական հարուստ ստացվեց իրադարձություններով: Խաղի 10-րդ րոպեին «Ինտերի» արգենտինացի հարձակվող Դիեգո Միլիտոն օգտվելով մրցակցի պաշտպանի սխալից բացեց հաշիվը: 26-ին թիմի հոլանդացի կիսապաշտպան Սնայդերը ծափերով դիմավորեց խաղի մրցավարի հերթական որոշումը եւ անմիջապես գլխավերեւում կարմիր քարտ տեսավ: Այդ պահից հետո չնայած անընդհատ գրոհում էին կարմրասեւերը, սակայն կրկին գոլ խփեցին ինտերիստները. թիմի նորեկ, մակեդոնացի Գորան Պանդեւը տուգանային հարվածով կրկնապատկեց հաշիվը: Խաղի 90-րդ րոպեին մրցավարը փրկության «օղակ» տրամադրեց միլանցիներին` դաշտից հեռացնելով «Ինտերի» բրազիլացի պաշտպան Լուսիոյին եւ ձեռքով խաղի համար նշանակելով 11 մ հարված: Սակայն կարմրասեւերի բրազիլացի դարպասապահ Ժուլիո Ցեզարը ետ մղեց իր համերկրացի Ռոնալդինյոյի հուժկու հարվածը: Այդպես, կապտասեւերը կարմրասեւերին հաղթեցին 6:0 ընդհանուր հաշվով: Միլանյան դերբիի 80-ամյա պատմության մեջ առաջին անգամ գրանցվեց նման բացահայտ առավելություն:

Ցավոք, հանդիպման լարվածությանը չդիմացավ մեկ 51-ամյա երկրպագուի սիրտը, որը խաղի ավարտից հետո ուշագնաց է եղել, իսկ հիվանդանոցում կաթվածքից մահացել:

 

Մատերացին հաղթանակը նշեց վարչապետի դիմակով

«Ինտեր» - «Միլան» հանդիպման ավարտից հետո դաշտի տերերի պաշտպան Մարկո Մատերացին, որը թիմում ընդգրկված իտալացի խաղացողներից մեկն է, շատերի համար անսպասելի ներկայացել է երկրի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիի դիմակով: Նա բացատրություն չի տվել իր այդ արարքին, սակայն բոլորն էլ հասկացել են, որ դրանով նա ցանկացել է հիշեցնել, որ երկրի վարչապետը նաեւ «Միլանի» սեփականատերն է: