Հայաստանը կհաղթի՞ ԱՄՆ-ին
Աջակցիր «Ա1+»-ինՔիչ առաջ սկսվեց շախմատի աշխարհի թիմային առաջնության 8-րդ տուրի Հայաստան - ԱՄՆ սկզբունքային մրցավեճը:
Առաջին խաղատախտակի վրա Լեւոն Արոնյանը սպիտակներով կհանդիպի Հիկարու Նակամուրայի հետ: Մինչ այդ նրանք իրար հետ մրցել են երեք անգամ, եւ երեքում էլ գրանցվել է ոչ-ոքի արդյունք: Նույն պատկերն է նաեւ Ալեքսանդր Օնիշչուկի եւ Վլադիմիր Հակոբյանի հարաբերություններում` 2 ոչ-ոքի: Իսկ ահա Արման Փաշիկյանն ու Տիգրան Լ. Պետրոսյանը առաջին անգամ են մրցելու համապատասխանաբար Յուրի Շուլմանի եւ Վարուժան Հակոբյանի հետ:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի հավաքականին այս խաղում անհրաժեշտ է միմիայն հաղթանակ, որպեսզի մեր թիմը շարունակի պայքարել մրցանակային տեղերի համար, հակառակ դեպքում մենք վերջին չորս առաջնություններում առաջին անգամ կմնանք առանց մրցանակի:
Ի դեպ, չնայած ԱՄՆ-ի հավաքականը միանձնյա գլխավորում է աշխարհի առաջնության մրցաշարային աղյուսակը, սակայն բուքմեյքերներն այս հանդիպման ֆավորիտ են համարում Հայաստանին` հաղթանակի համար սահմանելով 2,25 գործակից` ամերիկացիների 4,00-ի դիմաց: